06.12.2017 16:23

Ջուրը կթանկանա 2019-ից. Ժամանակավոր սուբսիդավորում

Ջուրը կթանկանա 2019-ից. Ժամանակավոր սուբսիդավորում

Հայաստանի կառավարությունը 1 միլիարդ 289 միլիոն դրամ է հատկացրել ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ ջրամատակարարման սակագնի թանկացումը սուբսիդավորելու համար: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, սուբսիդավորումը իրականացվելու է փուլային տարբերակով: 2018-ին սուբսիդավորելու են բոլորի համար, իսկ 2019-ին սոցիալապես անապահով խավի համար:

Փաստացի, կառավարությունը սուբսիդավորելու է միայն մեկ տարի, եւ արդեն 2019-ին ջրի գինը իրականում կբարձրանա:

Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի վերջին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուց­ման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։ Հիշեցնենք, որ ջրի գործող սակագինը 180 դրամ է:

Այն ժամանակ հայտարարվեց, որ իրականում ջուրը սպառողների համար չի թանկանա, քանի որ կառավարությունը կսուբսիդավորի ավելացված արժեքը: Չէր նշվել, սակայն, որ այդ սուբսիդավորումն, ըստ էության, ժամանակավոր կլինի: