06.12.2017 21:08

Պուտինը պաշտոնապես հայտնել է կրկին նախագահ դառնալու մտադրության մասին

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հայտարարել է նախագահի գալիք ընտրություններին իր մասնակցության մասին, փոխանցում է «Նովայա գազետան»: Հայտարարությունը Պուտինն արել է ԳԱԶ գործարանում՝ Նիժնի Նովգորոդում:

«Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար», - ասել է Պուտինը գործարանի աշխատավորների հետ հանդիպմանը: Նոր ժամկետի մասին հարցը առաջնորդին ուղղել է գործարանի աշխատակիցը, որը խնդրել է Պուտինին նվեր մատուցել իրենց՝ վստահեցնելով, որ բոլորն իրեն աջակցում են:

«Վստահ եմ, որ ամեն ինչ մեզ մոտ լավ է ստացվելու», - հավելել է Պուտինը:

Ավելի վաղ Պուտինը բազմիցս հրաժարվել է կոնկրետ պատասխան տալ իր առաջադրման վերաբերյալ հարցերին:

Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտի 18-ին: Իրենց մասնակցության մասին հայտարարել են արդեն ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, «Յաբլոկո»-ի առաջնորդ Գրիգորի Յավլինսկին, նախկին բլոգեր Ալեքսեյ Նավալնին, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը եւ այլք: