14.01.2013 18:57

Իսկ արշալույսները Մանչեսթերում խաղաղ են. Տեսանյութ

Իսկ արշալույսները Մանչեսթերում խաղաղ են. Տեսանյութ

Անգլիայի Պրեմյեր լիգայի 22-րդ տուրի երկու կարեւորագույն հանդիպումները  կայացան մանչեսթերյան թիմերի եւ մրցաշարի առաջատարների՝ «Յունայթեդի» եւ «Սիթիի» մասնակցությամբ:

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»: Մի քանի տարի առաջ այս թիմերի հանդիպումները Եվրոպայում ամենասպասվածների եւ դիտարժանների թվում էին: Այժմ շատ բան է փոխվել: Ավելի ճիշտ՝ փոխվել է «Լիվերպուլը», որը կորցրել է գրանդ ակումբի կարգավիճակը եւ արդեն վաղուց նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարին էլ չի մասնակցում:

Իսկ սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը մնացել է նույնը: Դեռ ավելացել է Ռոբին վան Պերսին, որը մանկունյանցիների գրոհներին այնպիսի հզորություն է հաղորդել, որ ոչ մի մրցակից առայժմ դրան չի դիմանում: Չդիմացավ նաեւ «Լիվերպուլը», որը նախ գոլ բաց թողեց Վան Պերսիից, իսկ հետո հոլանդացու փոխանցումից հետո Վիդիչը կրկնապատկեց հաշիվը: Չնայած «Լիվերպուլը» կարողացավ մեկ պատասխան գոլ խփել, բայց «Յունայթեդը» կանխատեսելի հաղթանակ տարավ՝ 2:1:

Մյուս թոփ խաղում՝ «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի», նույնպես ակնկալիքները չարդարացան: «Արսենալը» չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին: Միգուցե պատճառներից մեկն այն էր, որր արդեն 9-րդ րոպեին լոնդոնցիները մնացին 10 հոգով՝ վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Կոսելնին, սակայն ընդհանուր առմամբ «Սիթիի» խաղամակարդակը անհամեմատ ավելի բարձր էր, ինչն էլ արտացոլում է հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:0: Մի խոսքով, այս առաջնությունը ընթանում է մանչեսթերյան ակումբների գերիշխանության ներքո եւ հենց նրանք էլ կվիճարկեն չեմպիոնի կոչումը:

Այժմ «Սիթին» ունի 48 միավոր եւ 7 միավորով զիջում է առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»:

Անգլիայի առաջնություն. 22-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2

Ջեյմս Միլներ, 21, Էդին Ջեկո, 32

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 2:1

Ռոբին վան Պերսի, 19, Նեմանիա Վիդիչ 54 – Դանիել Սթարիջ, 57