07.12.2017 10:15

Տոդտ․ «Շումախերը դեռ պայքարում է»

Տոդտ․ «Շումախերը դեռ պայքարում է»

«Կարոտում ենք Միխայելին։ Նա այնտեղ է, դեռ պայքարում է»։ Ժան Տոդտի՝ «Ֆերրարիի» նախկին գլխավոր տնօրենի խոսքերն են։ Ավտոմոբիլային սպորտի միջազգային ֆեդերացիայի ներկայիս նախագահը կրկին խոսում է Միխայել Շումախերի մասին, որի հետ բազմաթիվ հաղթանակներ է տարել Մարանելլոյի թիմում անցկացրած տարիների ընթացքում։

 2013 թվականին գերմանացի պիլոտը ծանր վնասվածք ստացավ դահուկավազքի ժամանակ Շվեյցարիայում և դեռ պայքարում է ապաքինման համար։ Տոդտը նշել է, թե ինչպիսի ցավ է ապրել այն բանի համար, ինչ տեղի ունեցավ Շումիի հետ․ «Միխայելը շատ յուրահատուկ մարդ է, այդպիսին է ավտոսպորտի աշխարհի համար, այդպիսին է ինձ համար, իսկական ընկեր է և շարունակում է պայքարել»։

 Հետո մի հետաքրքիր դեպք է պատմում «Ֆերրարիի» ժամանակաշրջանից, երբ Տոդտը մարզական հատվածի պատասխանատուն էր։ «2001 թվականի մրցաշրջանը պիտի սկսվեր, և Միխայելը, չնայած աշխարհի չեմպիոն էր, ամաչելով ինձ հարցրեց՝ կարելի՞ է թեստ անցնել Ֆիորանոյում, որպեսզի համոզվեմ, որ դեռ կարող եմ մեքենան վարել։ Միշտ կասկածում էր՝ լավ պիլոտ է, թե ոչ։ Դա ցույց է տալիս նրա համեստությունը և գոռոզության իսպառ բացակայությունը»,- հիշում է Տոդտը։