07.12.2017 08:30

ՉԼ․ «Ռեալն» ու «Տոտենհեմը» հաղթեցին (տեսանյութ)

ՉԼ․ «Ռեալն» ու «Տոտենհեմը» հաղթեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ հայտնի էր, որ H խմբից առաջին տեղով պայքարը շարունակելու է «Տոտենհեմը», երկրորդ տեղով՝ «Ռեալը»։ Առաջատարները հաղթանակով ավարտեցին մրցաշարի խմբային փուլը։

6-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսսիայի» նկատմամբ։ Մադրիդյան թիմը 2 արագ գոլ խփեց․ 8-րդ րոպեին աչքի ընկավ Բորխա Մայորալը, 4 րոպե անց՝ Կրիշտիանու Ռոնալդուն։ Խաղակեսի վերջնամասում Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում գաբոնցի հարձակվողը դուբլ ձևակերպեց։ Հանդիպման հաղթական գոլն արձանագրվեց 81-րդ րոպեին․ հյուրերի դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Լուկաս Վասկեսը։

 

Զուգահեռաբար ընթացող «Տոտենհեմ» - ԱՊՕԵԼ խաղում լոնդոնյան թիմը 3 անպատասխան գոլ խփեց: Մեկական անգամ աչքի ընկան Ֆերնանդո Լյորենտեն, Սոն Հին Մինը և Ժորժ-Կևին Ն՛Կուդուն։

Այսպիսով, «Տոտենհեմը» 16 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը, գործող գավաթակիր «Ռեալը» 13 միավորով երկրորդն է, իսկ «Բորուսսիան» և ԱՊՕԵԼ-ը 6 խաղում վաստակեցին 2-ական միավոր։ Խփած և բաց թողած գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ դորտմունդյան թիմը ելույթները կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

 

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
H խումբ

«Ռեալ» - «Բորուսսիա Դորտմունդ»՝ 3։2
Գոլերը՝ Մայորալ 8՛, Ռոնալդու 12՛, Վասկես 81՛ - Օբամեյանգ 43՛, 48՛

 «Տոտենհեմ» - ԱՊՕԵԼ՝ 3։0
Գոլերը՝ Լյորենտե 20՛, Հին Մին 37՛, Ն՛Կուդու 80՛