07.12.2017 14:40

Լեոնարդոյի ռեկորդային գնով վաճառված «Աշխարհի փրկիչը» կցուցադրվի Աբու Դաբիում

Լեոնարդոյի ռեկորդային գնով վաճառված «Աշխարհի փրկիչը» կցուցադրվի Աբու Դաբիում

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որ անցյալ ամիս Christie’s-ում վաճառվել է ռեկորդային՝ 450 մլն դոլարով, ցուցադրվելու է Աբու Դաբիում բացված Լուվրի թանգարանում:

Դրա մասին հայտնել է թանգարանի պաշտոնական թվիթերյան էջը: Ընդ որում, կտավի գնորդի անունը շարունակում է անհայտ մնալ: Մինչ օրս գաղտնի է մնում Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ կտավը գնող ու թանգարանին տրամադրած մարդու անունը: Գլուխգործոցի նախկին տերը ռուսաստանցի գործարար Ռիբոլովցեւի ընտանեկան կազմակերպությունն էր: Ներկայիս գնորդը աճուրդին մասնակցել է հեռախոսով: Աճուրդը տեւել է 20 րոպե եւ մեկնարկել է 100 մլն-ից:

New York Times-ի տեղեկությամբ, Դա Վինչիի կտավը գնել է սաուդյան արքայազն Բադեր բին Աբդուլլա բին Մուհամմեդ բին Ֆարհադ ալ Սաուդը: Նա սաուդյան թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի ընկերն ու գործընկերն է:

Այժմ, ինչպես գրում է պարբերականը, կտավը կվաճառեն կամ վարձակալությամբ կտան Մերձավոր Արեւելքի կամ Ասիայի թանգարաններից մեկին: