08.12.2017 12:15

Էրդողանը ժամանել է Հունաստան և պահանջել վերանայել սահմանները

Էրդողանը ժամանել է Հունաստան և պահանջել վերանայել սահմանները

65 տարուց ի վեր թուրքական պետության առաջնորդի առաջին այցը Հունաստան սկսվել է կտրուկ հայտարարությունների փոխանակմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի միջև:

Էրդողանը հայտարարել է, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայի և Հունաստանի սահմանը հաստատած 1923 թ. պայմանագիրն անարդարացի է կիրառվում: Պավլոպուլոսը մերժել է ցանկացած փոփոխություն Լոզանի պայմանագրում:

Թուրքիան և Հունաստանը 1950-ական թթ. ՆԱՏՕ-ի կազմում են, սակայն նրանց երկկողմ հարաբերությունները շարունակում են լարված մնալ:

Այդ լարվածության աղբյուրները բազմազան են: Էգեյան ծովում անմարդաբնակ կղզիների պատկանելության մասին տարիներ շարունակ ձգվող վեճը 1996 թ. հանգեցրեց նրան, որ երկու երկրները հայտնվեցին պատերազմի շեմին: Նրանք չեն կարողանում նաև համաձայնության գալ անջատված Կիպրոսի հարցում. 1974 թ. Թուրքիան ներխուժեց կղզու հյուսիսային հատվածը՝ ի պատասխան Աթենքի կողմից խրախուսվող ռազմական հեղաշրջման:

Թուրքիան նաև հայտարարում է, որ հյուսիսարևելյան Հունաստանում չեն պահպանվում ծագումով թուրք մուսուլմանական փոքրամասնության իրավունքները: Թուրքական կառավարությունը նաև դժգոհ է Հունաստանի գերագույն դատարանի որոշումից, որն արգելափակել է ութ թուրք զինվորականների արտահանձնումը, որոնք փախել են Հունաստան այն բանից հետո, երբ անցյալ տարի տապալվել է Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձը: Էրդողանը պնդել է, որ այդ մարդկանց հանձնեն Թուրքիային:

Հունաստանն, իր հերթին, գանգատվում է, որ Թուրքիան պարբերաբար խախտում է իր օդային և ռազմածովային տարածքը:

Երկու հարևան պետությունների միջև լարվածությունը պահպանվում է 19-րդ դարի 30-ական թվականներից, երբ Հունաստանն անկախություն ձեռք բերեց Օսմանյան կայսրությունից:

Փոխանցում է BBC-ն: