08.12.2017 14:29

Բողոքի ցույցեր Հորդանանի Արևմտյան ափին, միջազգային արձագանքներ

Բողոքի ցույցեր Հորդանանի Արևմտյան ափին, միջազգային արձագանքներ

Ավելի քան 30 պաղեստինցիներ վիրավորվել են Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների արդյունքում, որոնք սկսվել են Թրամփի հայտարարությունից հետո:

Արևմտյան ափին պաղեստինցի ցուցարարներն այրել են անվադողեր և քարեր են նետել իսրայելացի զինվորների ուղղությամբ: Վերջիններս պատասխանել են ռետինե փամփուշտներով, արցունքաբեր գազով և մարտական փամփուշտներով:

Գազայում, ինչպես հաղորդել է Reuters-ը, պաղեստինցիները իսրայելացի զինվորների վրա քարեր են նետել արգելապատնեշի ետևից: Զինվորները մարտական փամփուշտներ են կիրառել:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածից արձակված երկու հրթիռներ չեն հասել Իսրայելին և ցած են ընկել պաղեստինյան տարածքում:

Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի վաղեմի դաշնակիցներ, դատապարտել են Թրամփի որոշումը: Սաուդյան Արաբիայի իշխանություններն այդ քայլը անվանել են անարդարացի և անպատասխանատու, իսկ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ընդգծել են, որ չեն պաշտպանում այդ որոշումը: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թրամփը «տարածաշրջանը նետում է կրակի օղակի մեջ»: «Ի՞նչ եք ուզում անել, պարոն Թրամփ: Սա ի՞նչ վերաբերմունք է: Քաղաքական առաջնորդները պետք են ոչ թե հակամարտություն հրահրելու, այլ խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Էրդողանը:

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Կրեմլի կարծիքով՝ «Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը չի նպաստում մերձավորարևելյան ճգնաժամի կարգավորմանը», այլ ընդհակառակը, «պառակտում է մտցնում միջազգային հանրության շրջանում»:

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Թրամփի հայտարարությունը գնահատել է որպես «պատմական»:

Փոխանցում է BBC-ն: