08.12.2017 17:48

Կինոխորհուրդ. Վաճառողը

Կինոխորհուրդ. Վաճառողը

Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:

Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք եւ ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ եւ գեղեցիկ սեղմ նկարագրություն:

Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք եւ որոշել ենք ընդամենը  ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:

Ասղար Ֆարհադի. «Վաճառողը» (ռուսերեն թարգմանված  է «Коммивояжер») (Իրան, Ֆրանսիա)

Եթե իրանական կինոյի սիրահար եք, եթե ֆիլմում ձեզ համար կարեւորը ոչ թե բազմամիլիոնանոց բյուջեն, հայտնի դերասանների անուններն ու տեխնիկահամակարգչային հնարքներն են, այլ սյուժեն, եթե սիրում եք նայել այնպիսի ֆիլմեր, որոնց մասին դեռ երկար կմտածեք, եթե մարդկային, շատ մարդկային ֆիլմ դիտելու ցանկություն ունեք, ապա խորհուրդ ենք տալիս դիտել Ասղար Ֆարհադիի «Վաճառողը»:

Ի դեպ, մարդկայինի մասին՝ սուբյեկտիվ կարծիք. իրանական կինոն, թերեւս ամենամարդկայինն է: Կամ, առնվազն` ամենամարդկայիններից մեկը: Չգիտենք` ինչու է այդպես, գուցե՝ քաղաքական սահմանափակումների ու գրաքննության պատճառով, գուցե այլ հանգամանքներ կան դրան նպաստող, բայց այն, որ իրանցի ռեժիսորները կարողանում են փոքրիկ բյուջեներով մեծ ու ազդեցիկ ֆիլմեր ստեղծել, փաստ է:

Բայց դառնանք ֆիլմին:

Եթե դու զոհ ես, ուրեմն պիտի ատես հանցագործին, այդպես չէ՞, մի՞թե հատուկ չէ զոհին հանցագործի հանդեպ վրեժի ծարավով ապրելը: Իսկ եթե հանցագո՞րծն էլ ինչ-որ պահի դառնում է զոհ, եւ երբ նա անկարող նայում է քո աչքերին, ու վրեժն իրականացնելու պահն է արդեն` հնարավո՞ր է` հանցագործի հանդեպ ատելությունը վերածվի խղճահարության: Ի՞նչ անել, երբ բոլորը զոհ են, որտե՞ղ են այն սահմանները, որից հետո մարդը կարող է կանգ առնել, որպեսզի ինքը զոհից չվերածվի հանցագործի: Կա՞ն նման սահմաններ, եւ ընդհանրապես, հնարավո՞ր է անցնել այդ ռուբիկոնն ու ապրել վերջապես այնպես, ինչպես նախկինում, կամ ընդհարապես՝ ապրել, երբ մեկ վայրկյանում ամեն բան դառնում է անիմաստ` ատելությունն էլ, վրեժի ծարավն էլ, խղճահարությունն էլ, նախկին կյանքն էլ:

Կյանքը` անդունդին հասնելուց հետո: Կա՞ այն: