Էրդողան-Նեթանյահու. հայտարարությունների պատերազմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեցօր ավելի ու ավելի կոշտ քննադատության է ենթարկում Դոնալդ Թրամփի որոշումը՝ Իսրայելում ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Թուրքիայի իշխող՝ Արդարության և զարգացման կուսակցության նիստում նա հայտարարել է, որ Իսրայելը Երուսաղեմը վերածել է «թալանի» վայրի, և իրականում այդ քաղաքը հրեական պետության համար «ոչ մի սրբություն էլ» չի հանդիսանում:
«Իսրայելն ահաբեկչական պետություն է: Մենք Երուսաղեմը չենք թողնի մանկասպանների երկրի ողորմածությանը: Մենք Երուսաղեմը չենք թողնի մի պետության, որը բացի օկուպացիայից և կողոպուտից՝ այլ արժեքներ չի դավանում: Մենք կշարունակենք մեր պայքարը՝ պահպանելով օրենքներն ու կարգը, բայց՝ ամենայն վճռականությամբ»,- ասել է Էրդողանը:
Իսրայելի վարչապետը Էրդողանին պատասխանել է Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում:
«Սովոր չեմ բարոյականության դասեր ստանալ մի առաջնորդից, որը ռմբակոծում է քրդական գյուղերը իր հայրենի Թուրքիայում, որը բանտերն է նետում լրագրողներին, որն Իրանին օգնում է շրջանցել միջազգային պատժամիջոցները, որն օգնում է ահաբեկիչներին, այդ թվում՝ Գազայում՝ սպանելու անմեղ մարդկանց: Այդպիսիք չեն, որ պետք է խրատներ տան մեզ»,- հայտարարել է Նեթանյահուն:
Փոխանցում է euronews-ը: