12.12.2017 18:37

Կինոխորհուրդ. Օնլայն՝ երկուսով

Կինոխորհուրդ. Օնլայն՝ երկուսով

Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:

Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք եւ ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ եւ գեղեցիկ սեղմ նկարագրություն:

Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք եւ որոշել ենք ընդամենը  ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:


Ստեֆան Ռոբելի. Օնլայն երկուսով (Un profil pour deux, ռուսերեն՝ «Мистер Штайн идёт в онлайн»)

Երբ դուք արդեն 75-ամյա այրի եք, ու կյանքն արդեն անիմաստ է դարձել, երբ ձեր աշխարհը այն փոքրիկ-փոքրիկ սենյակն է, որտեղից հեռանալու ցանկություն ու ուժ չունեք, երբ պատրաստ չեք հրաժեշտ տալ անցյալին ու ապրել ներկայում, քանի որ ոչ մի նոր քայլի ցանկություն չունեք, ի՞նչ պիտի անեք, երբ նորը մեկ ակնթարթում ներխուժի ձեր փակ աշխարհն ու ստիպի քայլել ժամանակին համընթաց:

Այս նոր ժամանակներում ամեն ինչ այնքան տարօրինակ է ու անհոգի, իսկ նախկինում մարդիկ միմյանց թղթի վրա վայելչագեղ ձեռագրով նամակներ էին գրում: Իսկ այսօրվա երիտասարդներն այլ են, նրանք բան չեն հասկանում, չէ՞: Գուցե նրանց պետք է վարպետության դասընթա՞ց ցուցադրել, եթե համարձակվել են ներխուժել ձեր միապաղաղ կյանքն ու ամեն սովորական դարձած բան տակնուվրա անել: Հատկապես որ հոգին չի ծերանում: Եւ ո՞վ գիտե, եթե քո համառությամբ ու բարությամբ ուրիշներին երջանկություն բերես, գուցե նրանք էլ քեզ երջանկություն պարգեւեն: Հատկապես որ հոգին չի ծերանում: Եւ նորից կարելի է սիրել միշտ, նույնիսկ 75 տարին ուսերին առած, հենց այն ժամանակ, երբ կյանքն այլեւս անիմաստ էր թվում: