13.12.2017 10:15

Ֆասսոնե. ««Միլանի» ապագան մշուշուտ չէ»

Ֆասսոնե. ««Միլանի» ապագան մշուշուտ չէ»

«Միլանը» կրկին հաղթում է, բայց ժպտալու առիթներ քիչ կան։ «Ռոսսոներիների» տնօրեն Մարկո Ֆասսոնեն իտալական մի ռադիոկայանի տված հարցազրույցում բացատրել է․ «Սպասում եմ, որ դեկտեմբերը դեռ բարդ կլինի, որովհետև մարզչի փոփոխությունը երբեք անմիջապես ազդեցություն չի ունենում։ Սպասում եմ, որ կայունություն ձեռք կբերենք 2018-ին։ Բնականաբար, անհանգստացած ենք առաջատարներից հետ մնալու համար, քանի որ նպատակն էր հայտնվել լավագույն քառյակում։ Կարծում էինք՝ կարող ենք 70 միավոր վաստակել Չեմպիոնների լիգայի համար, բայց առջևում ընթացողները շատ ուժեղ են»։

Շուկան և թոփ խաղացողը։ «Արդյոք ստիպվա՞ծ կլինենք վաճառելու թոփ խաղացողի,- շատրունակում է Ֆասսոնեն։- Եթե մոտակա տարիներին «Միլանը» եկամուտ չունենա՝ ներառյալ Չեմպիոնների լիգայի եկամուտները, և միլիոնների կորուստ գրանցվի, ստիպված կլինենք վերանայել շուկայական մարտավարությունները։ Չեմպիոնների լիգայի փոխարեն Եվրոպա լիգայի համար որակավորվել կնշանակի մոտ երեսուն միլիոնով պակաս գումար ունենալ շուկայում, և այդ դեպքում կա՛մ մեկ խաղացող պակաս ես գնում, կա՛մ մեկ խաղացող ավելի ես վաճառում»։

ՈՒԵՖԱ-ի անհնար պահանջները։ Արդյունքները միակ բանը չեն, որ անհանգստացնում են «ռոսսոներիներին»։ Կա նաև ՈՒԵՖԱ-ի «ոչ»-ը կամավորական համաձայնագրին։ Սակայն Ֆասսոնեն հանգիստ ասում է․ «Փորձում ենք հասնել կամավորական համաձայնագրին նաև նախորդ տարվա խախտումները վճարելու համար։ Մեր կամավորական համաձայնագիրն առաջինը կլիներ պատմության ընթացքում, բայց դժվար է պահպանել ՈՒԵՖԱ-ի չափանիշները, որովհետև պահանջներից մի քանիսն անհնար է բավարարել։ Մտահոգիչ է, որ վճիռը հիմնված է սրա վրա։ Ի՞նչ տեղի կունենա, եթե մեր երաշխիքները չընդունվեն։ ՈՒԵՖԱ-ն գրանցում է, որ անցած տարիներին չափանիշները չեն բավարարվել, և պատիժ է սահմանում՝ ընդհուպ մինչև հեռացում գավաթներից»։

Լին երկար կմնա։ «Ինչքան ես եմ հասկանում Հան Լիի հետ ամենօրյա խոսակցություններից, Լի Հոնհոնի նախագիծը երկարաժամկետ է,- ասում է Ֆասսոնեն,- չեմ կարծում՝ ակումբը լքելու մտադրություն ունի, հսկայական ներդրում է կատարել՝ ավելի քան մեկ միլիարդ եվրո։ Ակումբի ապագան մշուշոտ չէ, չեմ կարծում մոտ ժամանակներում լուրջ խնդիրներ կլինեն։ Ակումբը պարտք ունի, որը կարող ենք վերադարձնել հաջորդ տարվա հոկտեմբերին։ Դրանից հետո գործերը կլավանան։ Եթե արդյունքներն էլ լավանան, աշխարհին ժպիտով կնայենք»։

Մոնտելլայի հարցը։ Ապա «Միլանի» տնօրենը վերադառնում է Մոնտելլայի պաշտոնանկությանը և Գատտուզոյի պաշտոնի բարձրացմանը։ «Արդյոք Մոնտելլային փոխարինելն էակա՞ն էր,- ասում է նա։- Երբեք չես կարող իմանալ, թե ինչ տեղի կունենա, երբ այդպիսի որոշումներ ես ընդունում։ Երկար վերլուծել ենք իրավիճակը, որովհետև տեսել ենք, որ չափազանց հետ ենք այն նշաձողից, որը մեր առջև դրել էինք։ Հույս ունենանք, որ ճիշտ ենք վարվել»։

Գատտուզոն և գնումները։ «Թիմը հրաշալի հարաբերությունների մեջ է Գատտուզոյի հետ,- ընդգծում է Ֆասսոնեն։- Ինչ վերաբերում է ամառային ձեռքբերումներին, հնարավորության դեպքում ոչինչ չէի փոխի, ինչը չի նշանակում, որ սխալներ չենք արել»։