13.12.2017 12:21

Արսեն Գրիգորյան. Մեր օկուպացիան

Արսեն Գրիգորյան. Մեր օկուպացիան

Ինչեր լսեցինք անցյալ շաբաթ՝ աղքատության մասին, թանկացումների մասին, պետական բյուջեի թալանի մասին, ընտրակաշառքի մասին։ Եվ այդ ամենի մասին ընդդիմությունը չէր խոսում, այլ՝ հենց ՀՀԿ-ն։

Իրականում՝ նման բաները չի կարելի լսել սեփական ականջներով։ Ճիշտը ուրիշի ականջներն են։ Որովհետեւ սեփական մարմնի դիրքերը չի կարելի զիջել այնպիսի մի «սահմանադրական» անհեթեթության, ինչպիսին ՀՀԿ-ն է։ Մենք օկուպացված ենք։ Մենք նրանց զիջել ենք մեր ձեռքերը, դրանցով քվեարկում են նրանք։ Մենք նրանց զիջել ենք մեր ոտքերը, որոնք փողոցում այլեւս քայլ անելու ուղղություն չունեն։ Մենք նրանց զիջել ենք մեր մարմինը, որին արդեն կարտոֆիլից բացի՝ ոչինչ չի խրախուսվում գրեթե օրենքի մակարդակով։ Մենք նրանց զիջել ենք մեր աչքերը, որոնք տեսան կարագի եւ ձվի թանկացումը եւ ի գիտություն ընդունեցին։

Կարճ ասած՝ մեր մարմնի առաջնորդը ՀՀԿ-ն է։ Եվ, ուրեմն, սեփական ականջներով չէր կարելի լսել Հակոբ Հակոբյանի, Խոսրով Հարությունյանի կամ Էդուարդ Շարմազանովի անհեթեթությունները, Սերժ Սարգսյանի մտքերը բյուջեն թալանելու մասին։ Բայց լսեցինք։ Ժամանակն է, որ նրանց զիջենք մեր հավատը։ Թեպետ այն ինչ-որ իմաստով նույնպես նրանցն է։ Չվիճարկվող անհեթեթությունը հակված է վերածվել հավատի։ Մենք գրեթե հավատում ենք, որ համայնքապետերը ի հեճուկս իշխանական վերնախավի են թալանել բյուջեն։ Ո՞վ ասաց։ Նրանք չեն ուզում աղքատ լինեն։ Ուստի թալանում են բյուջեն։ Որովհետեւ ո՞վ է տեսել, որ մարդը հարստանա հալալ քրտինքով։ Թեպետ նրանց «հալալ քրտինքը» ընտրություններին է դրսեւորվում։

Լրատվական դաշտը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներին հարցը հենց այդքան ուղիղ էլ տալիս է՝ դուք տեղյա՞կ էիք, որ գյուղապետերը թալանել են բյուջեն։ Կարելի է կարծել, որ անսպասելի ինչ-որ բան են արել գյուղապետերը, եւ անտեղյակ ՀՀԿ-ականները դեռ պետք է դրա տակից դուրս գան։ Իհարկե տեղյակ էին։ Ինչու՞ գյուղապետերը չպետք է թալանեին։ Ու՞մ էին հաշվետու այդ մարդիկ։ Չուզողի աչքն են հանել, եթե այդ աչքն արդեն իրենցը չէ։ Բյուջե ասվածն ի՞նչ է։ Փողն ավելի կոնկրետ է, քան՝ բյուջեն։ Նրանք փող են տարել։ Ինչ բաժանել են մարդկանց ընտրությունների ժամանակ, այն էլ վերցնում են։ Նրանք բյուջե չեն բաժանել։ Նրանք բաժանել են այն թոշակը, որը չի բարձրանալու, այն աշխատավարձը, որը չի ավելանալու, այն ներդրումը, որը աշխատատեղ չի դառնալու։ Նրանք ամեն ինչ բաժանել են ու հիմա հավաքում են։ Ումի՞ց։ Նույն աղբյուրից, ընկերներ։

Եվ մի զարմացեք։ Եվ մի պահանջեք գյուղապետերի հրաժարականը։ Եվ Հակոբ Հակոբյանին էլ հանգիստ թողեք։ Խոսրով Հարությունյանին էլ։ Նրա կերածը միշտ է կարտոֆիլը, թեպետ ամեն օր ինքն իր կերածին այլ անուն է տալիս՝ խաշ, խորոված եւ Քյավառի քյուֆթա։ Ձեր անընկալունակությամբ մխիթարեք ստրուկի բառարանի հիմնադիր Էդուարդ Շարմազանովին։ Ցույց տվեք, որ քծնանքի էդ դոզան ուղղակի տեղ չի հասել։ Որովհետեւ, ասում եմ ձեզ, ինչու՞ չպետք է քծնի մարդը։ Նա պարտավո՞ր է հասկանալ, որ ինքն ընկած է մեռնող գյուղի ու Սերժ Սարգսյանի արանքում, այդ պողոսառաքյալագետը պարտավո՞ր է հասկանալ, որ իր նմանները կյանքում պատահում են, բայց պետական կառավարման մեջ իրենք մահ են։ Ուրեմն խնայենք մեր ականջները եւ երանի տանք խուլերին, որոնք չեն լսում հայ քաղաքական մտքի եւ պետության բացակայության այս աննախադեպ հայտը։ Երանի տանք ամբողջ աշխարհին, որ գոնե այս օրերին հայերեն չգիտի։ Այլապես խայտառակ կլինենք, այ մարդ։