13.12.2017 15:38

Վահան Թումանյան. Անվտանգության վտանգ

Վահան Թումանյան. Անվտանգության վտանգ

Հայաստանի իշխող կոալիցիան նոր կարգախոս է մտածել՝ ամեն ինչ ստորադաս է անվտանգությանը: Ի՞նչ է նա հասկանում՝ անվտանգություն ասելով: Դա Ղարաբաղում եւ պետական սահմաններին ռազմական ուժի ներկայությունն է, Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին:

Մի խոսքով, իշխող կոալիցիայի պատկերացմամբ՝ երկրի սոցիալ-տնտեսական եւ դեմոգրաֆիկ խնդիրները կապ չունեն անվտանգության հետ: Դրա համար էլ բոլոր հարցերը մատնվում են անուշադրության, եւ առաջին պլան է բերվում «ազգ-բանակ» կոնցեպցիան: Իշխող կոալիցիան չի հասկանում, որ երկրի անվտանգության համար կարեւոր է ոչ միայն տնտեսական իրավիճակը, այլեւ նույնիսկ մշակույթը, չխոսած կրթության մասին: Ինչպե՞ս կարող է անվտանգ լինել մի երկիր, որի բնակչության կեսն աղքատ է, իսկ ով փոքր-ինչ բարեկեցիկ կյանքով է ապրում, մտածում է տղային արտերկիր տանելու մասին, որպեսզի բանակում չծառայի: Ինչպե՞ս է ապահովվում երկրի անտվանգությունը, եթե աճող սերունդը որակյալ կրթություն չի ստանում, իսկ մշակույթը ենթարկվում է օտար ներգործությունների:

Բայց իշխող կոալիցիայի համար դրանք չորրորդական կարգի հարցեր են եւ չեն քննարկվում: Նա ընտրել է ազգը բանակ դարձնելու ճանապարհը եւ երկիրը հետեւողականորեն տանում է դեպի համատարած զորանոց, որտեղ ամեն ինչ կլինի ռազմականորեն կանոնակարգված: Ասել է թե՝ աղքատները կդառնան պայմանագրային զինծառայողներ, կհսկեն սահմանները, իսկ ներսում հարուստները կհղփանան եւ կվայելեն ազգային հարստությունը: Նման դեպքերում, սովորաբար, բանակը դառնում է քաղաքական գործոն: Եւ գալիս է մի պահ, երբ գեներալիտետը որոշում է վերցնել իշխանությունը: Պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի: Վերջինը Ռոբերտ Մուգաբեի պաշտոնանկությունն էր:

Հայաստանի իշխող կոալիցիան չի հասկանում, որ անվտանգությունից անվերջ խոսելով՝ փաստացի վտանգում է ոչ միայն երկիրը, այլեւ սեփական գոյությունը: Հայաստանին այսօր սպառնացող միակ վտանգը կոալիցիոն «անվտանգությունն» է: