14.12.2017 09:01

«Արսենալը» շարունակում է բանակցել Օզիլի և Սանչեսի հետ

«Արսենալը» շարունակում է բանակցել Օզիլի և Սանչեսի հետ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, թե ակումբը դեռ հույս ունի նոր պայմանագրեր կնքել կիսապաշտպան Մեսութ Օզիլի և հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ։

Այս շաբաթ անգլիական մամուլում ասեկոսեներ տարածվեցին, թե լոնդոնյան ակումբը վերջնագիր է ներկայացրել Օզիլին՝ նրան շաբաթական 275 ֆունտ աշխատավարձով նոր պայմանագրի վերաբերյալ վերջնական առաջարկություն անելով։
Սակայն չորեքշաբթի «Վեստ Հեմի» հետ Պրեմիեր լիգայի հանդիպման նախօրեին Վենգերը հերքեց այդ տեղեկությունը, հավաստիացնելով, որ «Արսենալը» մինչև վերջ կփորձի ակումբում պահել Օզիլին ու Սանչեսին, որոնց գործող պայմանագրերն ավարտվում են մրցաշրջանի վերջում։

«Ոչ, մենք ոչ մի վերջնագիր չենք ներկայացրել։ Մենք մշտապես յուրաքանչյուրի հետ բանակցության պրոցեսի մեջ ենք։

Ես բազմիցս եմ ասել, որ ուզում եմ պահել Օզիլին ու Սանչեսին, և ավելացնելու ոչինչ չունեմ։ Նրանց 2 տարի՞ է մնում պայմանագրով։ Մե՞կ տարի։ Երե՞ք ամիս։ Դուռը միշտ բաց է, իսկ ինչ վերաբերում է մնացածին, ապա ուրիշ ոչինչ չեմ կարող ավելացնել»,- Վենգերին է մեջբերում Sky Sports-ը։