14.12.2017 16:37

Սաակաշվիլին պատմել է, թե «ինչ արժե» պետական հեղաշրջումն Ուկրաինայում

Սաակաշվիլին պատմել է, թե «ինչ արժե» պետական հեղաշրջումն Ուկրաինայում

Ուկրաինայի պետական դատախազությունում կարծում են, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին պետական հեղաշրջման համար չի հերիքել 210 հազար դոլար: Այդ մասին քաղաքական գործիչն ինքն է հայտարարել News One ալիքի եթերում:

«Այսինքն՝ դուք պարզել եք, որ Ուկրաինայում իշխանությունը տապալելն արժե 210 հազար դոլա՞ր: Եվ դուք դա թաքցրե՞լ եք մեզնից: Լավ է, որ այստեղ տեսախցիկներ կան, գուցե մարդիկ հանգանակեն ու հավաքեն այդ 210 հազար դոլարը»,- այսպես է Սաակաշվիլին պատասխանել դատախազներին: Նա հավելել է, որ եթե իշխանափոխությունը, «գների իջեցումը, որպեսզի մարդիկ այլևս չհեռանան երկրից, որպեսզի երկիրը փոխվի ու սկսի արագ զարգանալ»՝ այդ ամենը հենց այդքան արժե, ապա այդ գումարը կարելի է հայթայթել:

Սաակաշվիլիին 10 տարվա ազատազրկում է սպառնում պետական հեղաշրջման փորձի համար: Ընդ որում՝ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ հեղաշրջման փորձի և այն ֆինանսավորելու մեջ կասկածում է ոչ թե անձամբ Սաակաշվիլիին, այլ նրա աջ ձեռքը համարվող Սևերիոն Դանգաձեին, որին դեկտեմբերի 5-ին պետական դավաճանության և հանցախմբի անդամների հետ համագործակցելու մեղադրանք է ներկայացվել: Գլխավոր դատախազության տվյալներով՝ հենց Դանգաձեն է գործարար, միլիոնատեր Սերգեյ Կուրչենկոյի շրջապատի կողմից ստացել 500 հազար դոլար:

Փոխանցում է ria.ru-ն: