15.12.2017 03:37

Անկարա. Թուրքիան հավատարիմ է Ցյուրիխյան արձանագրությունների դրույթներին, եթե…

Անկարա. Թուրքիան հավատարիմ է Ցյուրիխյան արձանագրությունների դրույթներին, եթե…

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով պատասխանել է նախօրեին Աթենքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արած մի շարք հայտարարություններին: Անկարայի պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիային Ցյուիխյան արձանագրությունները վավերացնելու հարցում հապաղելու մեջ մեղադրելը «ճիշտ չէ եւ նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը»:

Նշվում է, թե իբր Հայաստանի Սահմանադրական դատարանը 2010-ի հունվարի 12-ին՝ արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ կայացրած որոշմամբ լրացուցիչ նախապայմաններ եւ սահմանափակումներ է մտցրել, որոնք «հակասում են Արձանագրությունների ոգուն»:

«Արդյունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010-ի ապրիլի 22-ին հայտարարեց, որ Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցված է: Հայտնի է, որ հայկական սփյուռքը դեմ էր Արձանագրությունների ստորագրմանը հենց սկզբից եւ ճնշում էր գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի [նրանք] չվավերացնեն դրանք:

Չնայած Հայաստանի՝ Արձանագրությունների նկատմամբ բացասական վերաբերմունքին, Թուրքիան հավատարիմ է դրանց հիմնական դրույթներին: Այդ արձանագրությունները նախկինի պես գտնվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիսի-խմբ.) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում, եւ դրանց վավերացման համար կարեւոր է ապահովել բարենպաստ քաղաքական մթնոլորոտ եւ խաղաղություն Հարավային Կովկասում:

Թուրքիայի հիմնական նպատակը Արձանագրութունների վերաբերյալ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորելն է այնպես, որ Հարավային Կովկասում ապահովվի համընդգրկուն պաղաղությունն ու կայութությունը: Այս առումով կարեւոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում արձանագրվի առաջընթաց՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա եւ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի: Ամեն դեպքում, Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի տարածում գտնվելուն», - ասվում է փաստաթղթում:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը նա անդրադառնում է Նալբանդյանի՝ Ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած խոսքերին՝ վկայակոչելով 2015-ին ՄԻԵԴ կայացրած որոշումը ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման: Ի դեպ, սա թերեւս առաջին դեպքն է, երբ Անկարան պաշտոնապես օգտագործում է դատարանի այդ որոշումը Մեծ Եղեռնի ժխտման օգտին: Միեւնույն ժամանակ, փաստաթղթում հիշատակվում են Խոջալուի դեպքերը եւ խոսվում է դրանցում Հայաստանի պատասխանատվության մասին:

«Մարդու Իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ 1915 թվականի իրադարձությունները ազատ արտահայտման իրավունքի սահմաններում օրինական քննարկումների առարկա են: Անբարեխիղճ խմբերի փորձերը՝ պարտադրել իրենց միակողմանի նարրատիվը եւ ճնշում գործադրել համաշխարհային հանրության կարծիքի վրա՝ բարոյապես եւ իրավաբանորեն ճիշտ չէ եւ չի նպաստում մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»: