15.12.2017 13:19

Պուտինի ասուլիսը. Նավալնին վատն է, Կադիրովը՝ լավը

Պուտինի ասուլիսը. Նավալնին վատն է, Կադիրովը՝ լավը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տասներեքերորդ տարեկան ասուլիսում սուր հարցեր առանձնապես չեն հնչել, նշում է BBC-ն: Սակայն մի քանի ուշագրավ հայտարարություններ, այնուամենայնիվ, արվել են:

Life-ի թղթակցի հարցին, թե ինչու Ռուսաստանում Պուտինի իշխանության գրեթե 20 տարիների ընթացքում այդպես էլ նորմալ, ազդեցիկ ընդդիմադիր թեկնածու չի հայտնվել, Պուտինը հակադարձել է, թե հո ինքը չպետք է մրցակիցներ դաստիարակի: «Երբ մենք խոսում ենք ընդդիմության մասին, կարևոր է չբավարարվել միայն հրապարակներում աղմկելով և հակաժողովրդական ռեժիմի մասին հայտարարելով»:

Հեռուստալրագրող Քսենյա Սոբչակը, որ նույնպես ցանկություն է հայտնել մասնակցելու նախագահական ընտրություններին, իր ելույթում հայտարարել է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ հարուցված քրեական գործը համարում է շինծու, նաև դժգոհել է, որ իր համար դժվար է քարոզարշավ անցկացնել, քանի որ գործարարները վախենում են համագործակցել ընդդիմադիրների հետ: «Նրանք հասկանում են, որ այսօր լինել ընդդիմադիր՝ նշանակում է, որ քեզ կամ սպանելու են, կամ նստեցնելու»,- ասել է Սոբչակը:

Պուտինն իր պատասխանում խուսափել է Նավալնիի անունը տալուց. «Ինչ վերաբերում է ձեր նշած անձանց. դուք ուզում եք, որ մեզ մոտ է՞լ այդպիսի զույգ վազվզի՝ նա և Սաակաշվիլին: Դուք ուզում եք, որ մենք մի մայդանից մյուսի՞ն անցնենք, դուք պետական հեղաշրջում եք ուզում»:
Ուկրաինայում Միխեիլ Սաակաշվիլիի գործունեության մասին հարցին ի պատասխան՝ Պուտինը նշել է. «Այն, ինչ անում է Սաակաշվիլին, նշանակում է թքել վրաց և ուկրաինացի ժողովուրդների երեսին: Նա եղել է Վրաստանի նախագահը, իսկ հիմա վազվզում է հրապարակներում ու բղավում, որ ինքն ուկրաինացի է»:

Պուտինն Ուկրաինայում հակամարտության սկզբնաղբյուրն է համարել «պետական հեղաշրջումը և իշխանության զինված զավթումը»: Նա հերթական անգամ հայտարարել է, որ Դոնբասում ռուսաստանյան բանակ չկա:

Ասուլիսի ընթացքում Պուտինը երկու անգամ գովասանական խոսքեր է ասել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հասցեին՝ ընդգծելով, որ Սիրիայից ռուսաստանցի երեխաներին դուրս բերելու նրա գործունեությունը «վեհանձն քայլ է»: «Երեխաներն իրենք չեն որոշել մեկնել հակամարտության գոտի, և մենք չենք կարող նրանց այնտեղ լքել: Ռամզանն ամեն ինչ ճիշտ է անում, թող շարունակի»,- հայտարարել է Պուտինը:

Փոխանցում է BBC-ն: