15.12.2017 13:48

Գեւորգ Նալբանդյան. Մե՞ր պատգամավորներն են

Գեւորգ Նալբանդյան. Մե՞ր պատգամավորներն են

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը «մեր մյուս պատգամավոր» է անվանում Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Մելինե Դողանին:

Մամուլում ավելի հաճախ խոսվում է Կարո Փայլանի մասին, հայրենական մի շարք լրատվամիջոցների համար նա շատ ցանկալի հյուր է: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ Փայլանը եւ Դողանը, ի տարբերություն Մարգար Եսայանի, Թուրքիայի խորհրդարանում բարձրացնում են հայ համայնքին հուզող հարցեր: Իսկ եթե սոցիալական ցանցերին հետեւենք, ապա կտեսնենք, թե հայ օգտատերերն ինչպես են Կարո Փայլանից հերոս կերտում, պանծացնում նրան: Ասես խոսքը ոչ թե Թուրքիայի մեջլիսի անդամի, այլ Հայ դատի գործիչներից մեկի մասին է:

Ի՞նչ է տալիս այս ամենը Թուրքիայի հայ համայնքին, դրանով որեւէ հարց լուծվու՞մ է, թե՞ մենք ընդամենը բավարարվում ենք «մեր պատգամավորներին» թուրքական իշխանություններին հակադրելով:

Երբ խոսքը ֆեյսբուքյան գրառման մասին է, կարելի է ներողամիտ գտնվել: Բայց երբ գրեթե նույն մոտիվներով է խոսում գիտնականը, դա արդեն պետք է զգաստացնող լինի: Գոնե այն իմաստով, թե որքանո՞վ են նման տեսակետները վնասում Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորներին: Նման էմոցիոնալ հայտարարություններ անելիս մենք ունե՞նք այդ մարդկանց՝ Կարո Փայլանի կամ Մելինե Դողանի համաձայնությունը: Երբեւէ հարցրե՞լ ենք՝ նրանք իրենց «մեր պատգամավո՞րն» են համարում, թե՞ Թուրքիայի հասարակության ներկայացուցիչ: Նրանք գործում են հանուն Հայաստանի՞, թե՞ Թուրքիայի:

Այս եւ ուրիշ հարցերով մենք մեզ չենք ծանրաբեռնում: Փոխարենը թույլ ենք տալիս հեռվից խառնվել պոլսահայության ներքին խնդիրներին, մեկ գործչի հակադրել մյուսին: Մեկի մեջ «հայու գեն» տեսնել, մյուսին համարել «բանսարկու»: Ինչպես որ նշված հարցազրույցում վերագրումներ են արված պոլսահայ Պետրոս Շիրինօղլուի հասցեին: Ըստ երեւույթին՝ գործ ունենք այն մտայնության հետ, որ ինչ Թուրքիայի դեմ է, մեզ համար ընդունելի է:

Հայաստանում, ցավոք, այդպես գրեթե բոլորն են մտածում: Եւ այնքան են ոգեւորվում, որ իրենց վերաբերմունքին զոհաբերում են նաեւ պոլսահայ համայնքի իրական շահերը: Մինչդեռ պետք է առաջնորդվեին «մի վնասիր» սկզբունքով եւ իրենց միջամտությունից ազատեին Թուրքիայի մեջլիսի հայազգի անդամներին: Նրանք այդ կարիքը հաստատ չունեն, քանի որ ոչ թե «մեր», այլ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր են: