18.12.2017 02:52

Բախումներ Կիեւում. Տուժել է 32 ոստիկան

Բախումներ Կիեւում. Տուժել է 32 ոստիկան

Ոստիկանության առնվազն 32 աշխատակից է տուժել Կիեւում Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների՝ Հոկտեմբերյան պալատ ներխուժելու փորձը կանխելու ժամանակ, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով Կիեւի ոստիկանության վրա:

«Հոկտեմբերյան պալատի մոտ 32 իրավապահ է տուժել: Այս պահին նրանք անհայտ նյութի առաջացրած թունավորումով գտնվում են հիվանդանոցում: Մյուս վնասվածների մասին տեղեկությունները ճշտվում են», - տեղեկացնում է ոստիկանությունը:

Ըստ հաղորդագրության, մասնավորապես, տուժել է 15 գվարդիական, 17 ոստիկան, դեպքի առիթով արդեն 3 քրեական գործ է հարուցվել:
Կիրակի երեկոյան Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները փորձել են գրոհով վերցնել Կիեւի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը, որտեղ այդ պահին ջազային համերգ էր տեղի ունենում:

Դրանից առաջ, Անկախության հրապարակում (Մայդանում) տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ պետք է Հոկտեմբերյան պալատի մոտ սկսել կազմավորել ցուցարարների աշխատանքը համակարգող խորհրդի աշխատանքները: