18.12.2017 12:03

Սոցցանցերի հանգուցյալ օգտատերերն սկսել են գովաբանել Պուտինին

Սոցցանցերի հանգուցյալ օգտատերերն սկսել են գովաբանել Պուտինին

Ռուսաստանյան «ВКонтакте» սոցիալական ցանցի օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ այնտեղ սկսել են ի հայտ գալ գովասանական գրառումներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, ընդ որում՝ այդ գրառումներն ուղարկվում են այն կայքէջերից, որոնք, դատելով նրանց բովանդակությունից, պատկանում են արդեն մահացած անձանց: Ասենք, այն մարդիկ, որոնց կայքէջերից ստացվում են նման հաղորդագրություններ, երկար ժամանակ, երբեմն՝ մի քանի տարի, չեն հայտնվել սոցցանցում, իսկ նրանց էջերում ընկերներն ու բարեկամներն այնպիսի գրառումներ են թողել, որոնցից երևում է, որ այդ էջի օգտատերը մահացել է:

«ВКонтакте»-ում հաստատել են, որ նման դեպքեր եղել են, և պարզաբանել են, որ այդ բոլոր էջերը կոտրվել են: Այժմ այն բոլոր կայքէջերը, որոնցից ուղարկվել են շնորհավորական հաղորդագրությունները, արգելափակվել են:

«Медиазона» պարբերականը նշում է, որ գրառումներից մի քանիսը «Միացյալ Ռուսաստանի երիտասարդ գվարդիայի» լոգոտիպով նկարներով են ուղեկցվում, սակայն այդ կազմակերպությունն առայժմ չի մեկնաբանել մահացած մարդկանց անունից քարոզչություն իրականացնելու համար իրենց լոգոտիպն օգտագործելու փաստը:

Փոխանցում է BBC-ն: