18.12.2017 14:30

Կինոխորհուրդ. Habemus papam

Կինոխորհուրդ. Habemus papam

Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:

Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք եւ ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ եւ գեղեցիկ սեղմ նկարագրություն:

Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք եւ որոշել ենք ընդամենը  ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:

 

Նաննի Մորետտի. Habemus papam (Իտալիա)

Դեռեւս Նապոլեոնն էր ասում՝ «Վատն է այն զինվորը, որը չի ցանկանում գեներալ դառնալ»: Ամեն զինվոր ձգտում է գեներալ դառնալ, իսկ ամեն կարդինալ՝ Հռոմի պապ: Առնվազն նրանք, ովքեր մասնակցում են կանկլավին: Իսկ եթե մասնակցում ես կանկլավին, ու հենց քեզ են ընտրո՞ւմ, եթե հենց քո պատվին են սպիտակ ծուխ բաց թողնում եւ հայտարարում՝ Habemus Papam (Մենք Պապ ունենք): Ի՞նչ պետք է անել: Արարողակարգը հստակ է, մտածելու բան չկա: Դուրս գալ պապական նստավայրի պատշգամբ, որպեսզի ներքեւում հավաքված հազարավոր հավատացյալները քեզ տեսնեն: Կարդինալի իսկական երազանք: Իսկ եթե ամեն բան անիմաստ է ու սի՞ն, ո՞վ է ասել, որ բոլորը կարող են եւ պատրաստ են լինել Հռոմի պապ: Ու ընդհանրապես, մի՞թե չի կարելի ապրել սովորական կյանքով: Ո՞վ է ասել, որ վախն ապրելու իրավունք չունի: Իսկ գուցե դա վա՞խ չէ, գուցե հենց առաջին հայացքից վախ թվացող զգացումը ներքին պոռթկո՞ւմ է, որ տարիներ շարունակ պահվել է յոթ կողպեքի տակ: Մի՞թե ամեն ոք իրավունք չունի կյանքում գոնե մեկ անգամ անել այն, ինչ իր սիրտն է կամենում, անգամ եթե դա մյուսները չեն հասկանա, անգամ եթե դա թուլակամություն համարեն: Հատկապես, որ հավատացյալները, ամեն դեպքում, Պապ կունենան: