19.12.2017 14:34

Միջազգային կոալիցիան հերքել է ԻՊ-ի առաջնորդի գերվելու մասին տեղեկությունը

Միջազգային կոալիցիան հերքել է ԻՊ-ի առաջնորդի գերվելու մասին տեղեկությունը

«Իսլամական պետության» դեմ պայքարի  շրջանակներում «Անխախտ վճռականություն» գործողության հրամանատարությունը հայտարարել է, որ ԻՊ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ձերբակալության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում: «Այդ տեղեկությունը, ցավոք, սուտ է: Կոալիցիան առայժմ չգիտի Աբու Բաքր ալ-Բաղդադի անունով հայտնի ահաբեկչի գտնվելու վայրը: Համոզված եղեք, որ եթե նրա գտնվելու վայրը հայտնի լիներ, նա մեռած կլիներ կամ ձերբակալված՝ մինչև որ նրան մեղադրանք ներկայացվեր կատարած հանցագործությունների համար: Ամեն դեպքում՝ կոալիցիան այդ մասին կհայտներ հանրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախօրեին ալ-Բաղդադիի ձերբակալության մասին հաղորդել էր թուրքական Yeni Safak թերթը՝ պնդելով, որ ամերիկյան զինվորականները խմբավորման առաջնորդին բռնել են Իրաքում և տեղափոխել Սիրիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա: ԻՊ-ի ղեկավարից բացի՝ իբր, նրանք ձերբակալել են նաև խմբավորման յոթ հրամանատարների:

Ալ-Բաղդադին, որի իսկական անունը Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ-Բադրի է, առաջին անգամ հանրությանը ներկայացել է 2014 թ. հուլիսին, երբ ԻՊ-ի կողմից զավթված Մոսուլ քաղաքի մզկիթից հայտարարեց Մերձավոր Արևելքում «իսլամական խալիֆաթ» ստեղծելու մասին: Դրանից հետո ԶԼՄ-ները բազմիցս լուրեր են հրապարակել նրան ոչնչացնելու մասին, սակայն այդ լուրերը չեն հաստատվել:

Փոխանցում է newsru.com-ը: