20.12.2017 14:00

Սաակաշվիլին հրապարակել է Պոռոշենկոյին ուղղված բաց նամակ

Սաակաշվիլին հրապարակել է Պոռոշենկոյին ուղղված բաց նամակ

«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյին, որում նրան կոչ է արել հրաժարական տալ:

«Խոստովանեք ինքներդ ձեզ և ժողովրդին, որ դուք և ձեր կողմնակիցներն ընդունակ չեք ու չեք ցանկանում Ուկրաինան փոխել դեպի լավը: Ձեր կամավոր հրաժարականը գրեթե վերջին հնարավորությունն է՝ հաղթահարելու քաղաքական ճգնաժամը, որը, հակառակ դեպքում, ավելի է խորանալու: Կամավոր հրաժարական տված նախագահը կարող է  պատիժը մեղմացնելու և ներման արժանանալու հույս ունենալ»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը գրել է այս բաց նամակը, քանի որ նախագահի վարչակազմի մամլո ծառայությունը հրապարակել է իր նախորդ նամակը և սադրանք կազմակերպել Հոկտեմբերյան պալատի մոտ: «Հենց դրա համար էլ նախորդ նամակում ես ձեզ առաջարկել էի միասին ուղիներ փնտրել ճգնաժամից դուրս գալու համար: Բայց դրա փոխարեն՝ դուք հրապարակեցիք ձեզ ուղղված իմ անձնական նամակը: Ես դեմ չեմ: Այնտեղ ոչ մի այնպիսի բան չկա, որ ես կուզենայի թաքցնել: Բայց դրանով դուք ցույց տվեցիք, որ անպատիվ մարդ եք: Դուք իմ նամակին չպատասխանեցիք: Իսկ ձեր վարչակազմը սադրանք կազմակերպեց Հոկտեմբերյան պալատի մոտ: Խոստովանում եմ, որ  ես տրվեցի այդ սադրանքին… Եվ քաղաքական պատասխանատվություն կկրեմ դրա համար»,- ասվում է բաց նամակում:

Փոխանցում է Interfax-ը: