21.12.2017 14:00

Թանձր մառախուղն օգնել է ԿԺԴՀ բանակի զինվորին փախչել Հարավային Կորեա

Թանձր մառախուղն օգնել է ԿԺԴՀ բանակի  զինվորին փախչել Հարավային Կորեա

Դեկտեմբերի 21-ին Հյուսիսային Կորեայի բանակի զինվորին հաջողվել է ապառազմականացված գոտում ցամաքային սահմանով փախչել Հարավային Կորեա: Դրանից հետո երկու երկրների զինվորականների միջև կարճատև փոխհրաձգություն է տեղի ունեցել, հաղորդել է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը:

Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ թշնամական բանակի զինվորը առավոտյան ժամը 8-ին թանձր մառախուղի միջից    անսպասելիորեն հայտնվել է արևմտյան ճակատի պահակակետի մոտ: Քիչ անց ռազմական սահմանային գծին են մոտեցել մի խումբ հյուսիսկորեացի սահմանապահներ, որոնք, ակնհայտորեն, փնտրել են դասալիքին: Հարավցիները մոտավորապես 20 նախազգուշական կրակոց են արձակել, որոնց հետևել են կրակոցներ հակառակ կողմից, սակայն փամփուշտները սահմանը չեն հատել: Դրանով էլ երկու բանակների միջև փոխադարձ «սիրալիրություններն» ավարտվել են:

Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Հյուսիսային Կորեայի 15 քաղաքացիներ, այդ թվում՝ չորս զինվոր, փախել են Հարավային Կորեա: Դա երկու անգամ ավելի է, քան 2016-ին, երբ հաղորդվել էր ընդամենը հինգ փախստականների մասին՝ մի զինվոր և չորս քաղաքացիական անձինք:

Փոխանցում է newsru.com-ը: