24.12.2017 20:06

Կինոխորհուրդ.Գժոտները

Կինոխորհուրդ.Գժոտները

Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:

Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք եւ ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ եւ գեղեցիկ սեղմ նկարագրություն:

Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք եւ որոշել ենք ընդամենը  ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:

 

Էնդի Թեննանտ. Գժոտները (Wild Oats. ռուսերեն թարգմանությունը` Молодость по страховке)

Ո՞վ է ասել, որ եթե դուք արդեն տարիքն առած կին եք ու կորցրել եք ամուսնուն, ապա պետք է այլեւս չապրել: Ո՞վ է ասել, թե խենթություններ կարող են անել միայն երիտասարդները: Խենթությունը տարիք չի հարցնում: Հատկապես` հոգու տարիք: Իսկ հոգին, գիտենք, միշտ երիտասարդ է, պատրաստ ամենագժական արկածների: Միայն առիթ լինի, ու մեկ էլ` դրդող հանգամանք: Իսկ եթե այդ դրդող հանգամանքը 5 միլիոն դոլա՞րն է, որ պատահական հայտնվել է ձեր ձեռքում, ու մի ոչ պակաս խենթ ընկերուհի: Ո՞վ է ասել, որ միշտ ծնողները պետք է հետեւեն իրենց զավակներին, որպեսզի նրանք «գժություններ» չանեն: Թող մեկ-մեկ էլ երեխաները իրենց զգան մշտական դայակի դերում, իսկ ծնողներն էլ տրվեն չարաճճիությունների:

Ո՞վ գիտե, կյանք է, մեկ էլ տեսար` ներեց օր ծերության արած ցանցառություններն ու վերեւից լայն ժպտաց քեզ, ինչպես չեշիրյան կատուն:

Ֆիլմ, որ ավետում է` եթե ուզում եք խենթություններ անել, ապա` արեք, առանց մտածելու, թե դրա համար դուք արդեն մեծ եք: Խենթություններ անում են բոլորը: Կամ պետք է անեն բոլորը: Գոնե կյանքում մեկ անգամ: Քանի երիտասարդ եք: Իսկ մարդը երիտասարդ է միշտ: