25.12.2017 11:50

Հռոմի պապը Ծննդյան աղոթքում խնդրել է գթասիրտ լինել ներգաղթյալների նկատմամբ

Հռոմի պապը Ծննդյան աղոթքում խնդրել է գթասիրտ լինել ներգաղթյալների նկատմամբ

Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում Ծննդյան պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միջազգային հանրությանը կոչ է արել չմոռանալ, թե ինչ ողբալի վիճակում են հայտնվել միլիոնավոր փախստականները, «որոնք հարկադրված են եղել լքել իրենց բնակավայրերը»:

Պոնտիֆիկոսը նրանց համեմատել է աստվածաշնչյան Մարիամի և Հովսեփի հետ, որոնք դաժան ճանապարհ են անցել Նազարեթից մինչև Բեթղեհեմ՝ հռոմեական ցենզով գրանցվելու համար:

Շատ ներգաղթյալներ, հիշեցրել է պապը, փախել են իրենց երկրների կառավարիչներից, որոնք հեշտությամբ անմեղ արյուն են հեղում: Նա միգրանտների կենտրոնները համեմատել է համակենտրոնացման ճամբարների հետ:

«Մենք տեսնում ենք, որ միլիոնավոր մարդիկ ճանապարհ են ընկնում՝ ոչ թե որովհետև ուզում են, այլ անհրաժեշտությունից մղված, ետևում թողնելով իրենց մերձավորներին»,- դիմել է Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցու հավատացյալներին: Նա հիշեցրել է, որ հավատը թելադրում է բարեգութ լինել օտարականների հանդեպ:

81-ամյա պապն ինքը ծնվել է Բուենոս-Այրեսում, իտալացի միգրանտների ընտանիքում. Միգրանտների իրավունքների պաշտպանությունը և նրանց նկատմամբ հոգատարությունը Ֆրանցիսկոսի հիմնական խնդիրներից է:

Փոխանցում է BBC-ն: