25.12.2017 20:40

Նավալնիին թույլ չեն տալիս մասնակցել նախագահական ընտրություններին. Նա բողոքում է

Նավալնիին թույլ չեն տալիս մասնակցել նախագահական ընտրություններին. Նա բողոքում է

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին երկրի նախագահի թեկնածու գրանցելու դիմումը: Ըստ ԿԸՀ-ի, պատճառը նրա դատվածությունն է: Նավալնին նիստի ժամանակ պնդել է, որ իրավունք ունի առաջադրվելու, որովհետեւ գործունակ է եւ չի գտնվում ազատազրկման վայրում:

ԿԸՀ որոշումից հետո Նավալնին իր կողմնակիցներին կոչ է արել բոյկոտել ընտրությունները: Նա նաեւ հայտարարել է, որ համառուսաստանյան բողոքի ցույց կկազմակերպի իշխանության որոշման դեմ: Ցույցի ժամկետների մասին առայժմ տեղեկություն չկա:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրինաչափ է համարել Նավալնուն քաղաքական գործընթացներից դուրս թողնելու՝ պետական մարմինների գործողությունները: Առանց ընդդիմադիր գործչի անունը տալու, Պուտինը նրան համեմատել է Միխեիլ Սաակաշվիլիի եւ ուկրաինական այլ ընդդիմադիրների հետ, որոնք, ըստ Պուտինի, ապակայունացնում են իրենց երկիրը: