30.12.2017 09:15

Կիլիան Մբապեն՝ Ռոնալդուի, Նեյմարի, Զիդանի ու Բենզեմայի մասին

Կիլիան Մբապեն՝ Ռոնալդուի, Նեյմարի, Զիդանի ու Բենզեմայի մասին

Համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերից մեկը՝ ֆրանսիական «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հարցազրույց է տվել իսպանական MARCA պարբերականին, խոսել է թիմակից Նեյմարի, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլում իրենց մրցակից Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Ռոնալդուի, Բենզեմայի և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին:   

Կրիշտիանու Ռոնալդուի մասին. «Փոքր տարիքից շատ եմ սիրել նրա խաղը, հաճելի էր հանդիպել նրան, երբ այցելել էի «Վալդեբեբաս»: Սակայն հիմա մրցակից եմ և մարդ, որը շատ մրցունակ է և այն, ինչ ես ուզում եմ անել, դա հաղթելն է, հաղթելը ու կրկին հաղթելը: Այնպես որ, կարևոր չէ, թե ով է մեր մրցակիցը, մենք ցանկանում ենք հաղթել: Ես հիացած եմ եղել նրանով, երբ  փոքր էի, բայց դա արդեն անցյալում է: Նրանից, ով 5 անգամ հաղթել է «Ոսկե գնդակը», կարելի է շատ բան սովորել»:

Նեյմարի մասին. «Կարծում եմ՝ նա շատ նման է և պրակտիկորեն նույն մակարդակի վրա է, ինչ Կրիշտիանու Ռոնալդուն: Մարդիկ Նեյմարին տեսնում են խաղադաշտում ու մտածում են, որ նա այդպիսին է: Մարդիկ տեսնում են նրա հնարքներն ու դրիբլինգը և մտածում, որ էգոիստ է ու մտածում է միայն իր մասին: Սակայն, երբ դուք նրա հետ կիսում եք նույն հանդերձարանը, հասկանում եք, որ դա այդպես չէ: Ճիշտ է, որ նա շատ բարի անձնավորություն է, որ հետաքրքրված է մյուսներով: Նա առաջինը թիմի համար է խաղում: Ճիշտ է նաև այն, որ նրա խաղը կազմված է հնարքներից ու դրիբլինգից և դուք նրան չեք խնդրի, որ կանգ առնի, քանի որ նա դա շատ լավ է անում: Նա խաղացող է, որը կարող տիտղոսներ նվաճել և մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից»:

Զինեդին Զիդանի մասին.«Զիդանի խաղով նույնպես հիացած եմ եղել: Յուրաքանչյուրն, ով սիրում է ֆուտբոլ, գիտե, որ նա առանձնահատուկ է: Այն, ինչ նա անում է «Ռեալի» հետ, ինչպես դարձավ մարզիչ, անհավանական է, որովհետև ես գիտեմ, որ այդ ակումբում դա հեշտ գործ է: Նրան բոլորը հարգում են, արժանի է այն ամենին, ինչին հասել է»:

Կարիմ Բենզեմայի մասին. «Հիանալի ֆուտբոլիստ է: Չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, որ չի հրավիրվում հավաքական, հետևաբար շատ բան չեմ կարող ասել: Կողքից ենք հետևում և դա այն հարցն է, որը վերաբերում է Բենզեմային ու գլխավոր մարզչին: Ես լավ գիտեմ, որ նա հիանալի խաղացող է»: