10.01.2018 18:40

Վահան Թումանյան. Ձու՞ն, թե հավը

Վահան Թումանյան. Ձու՞ն, թե հավը

Տարեվերջին ԱԳ նախարար Նալբանդյանը շատ տհաճ անակնկալ մատուցեց: Հայտարարեց, որ Ղարաբաղի կարգավորման բանակցություններն ընթանում են, դրանք ձեւական չեն: Այսպիսով, գիտակցաբար, թե անգիտակցաբար, նա վնասեց պրոիշխանական քարոզիչներին, որոնք պնդում էին, որ ոչ մի բանակցություն էլ չկա, հանդիպումներում քննարկվում է միայն շփման գծում վստահության հարցը: Եւ հիմա նույն քարոզիչները լծվել են Նալբանդյանին սրբագրելու, նրա խոսքի տպավորությունը ցրելու գործին: Հրապարակվում են մանվածապատ մեկնաբանություններ, որոնցում փորձ է արվում ներշնչել, թե Նալբանդյանը նկատի է ունեցել, որ վստահության հարցով բանակցություններ են ընթանում, դրանք ձեւական չեն: Բայց քանի որ գրեթե անհնար է Նալբանդյանի ուղղակի խոսքը ձեւափոխել այլասացության, նման վերլուծությունների հեղինակները կատարում են հաջորդ քայլը եւ արդեն միջնորդներին վերագրում «ստատուս քվոյի պահպանման շուրջ կոնսենսուս»:

Իսկ որպեսզի հասարակությունը միամտանա եւ իրենց անգաժավորվածությանը չկասկածի, վերջում էլ մի թեթեւ կշտամբում են իշխանություններին, որ իրավիճակին համարժեք չեն, արմատական փոփոխությունների չեն դիմում, չեն զարգացնում տնտեսությունը: Հիշյալ մեկնաբանության հեղինակը, մասնավորապես, համարում է, որ 7 տոկոս տնտեսական աճը «չի դառնում տնտեսական շոշափելի տարածություն», եւ ամփոփում է. «Կարգավորման գործընթացի տրամաբանությունն ու Արցախյան խնդրում ընդհանրապես հայկական պետական քաղաքականության կենսափիլիսոփայության փոփոխությունը հնարավոր է միայն տնտեսական ամուր բազայի պարագայում»: Ասել է թե՝ Հայաստանը պետք է տնտեսապես այնքան ուժեղ եւ ինքնաբավ լինի, որպեսզի Ադրբեջանի հետ չվարի ստատուս քվոյի փոփոխություն ենթադրող բանակցություններ: Այստեղ է, որ բախվում ենք «սկզբում հա՞վն է եղել, թե՝ ձուն» կազուիստիկային:

Այսինքն՝ հնարավո՞ր է շրջափակման եւ մեկուսացվածության պայմաններում հասնել տնտեսական թռիչքի, մի քանի տարում դառնալ գերհզոր երկիր եւ գրողի ծոցն ուղարկել բոլոր միջնորդություններն ու միջնորդներին, իսկ Ադրբեջանին էլ ներկայացնել անվերապահ կապիտուլյացիայի պահանջ: Հայաստանի ու Ղարաբաղի խաղաղության եւ զարգացման հնարավորությունը խնդրի կարգավորումն է, շրջափակման եւ մեկուսացվածության հաղթահարումը: Արդեն երկու տասնամյակ է՝ Հայաստանում իշխանությունը գնում է ստատուս քվոն պահպանելու ճանապարհով եւ ժամանակ առ ժամանակ խոստումներ է շռայլում տնտեսական թռիչքի եւ սոցիալական դրախտի մասին: Իրական կյանքը, սակայն, տարեցտարի ավելի է դժվարանում, ահագնանում է արտագաղթը, սրվում սոցիալական դժգոհությունը: Գենետիկների խնդիրն է՝ պարզել ձվի եւ հավի առաջնայնությունը: Ի վերջո, այդ կազուսից մենք չենք տուժում. իրականության մեջ կա եւ հավ, եւ ձու: Բայց իրականության մեջ, ցավոք, չի կարող լինել եւ պատերազմ, եւ տնտեսական թռիչք: Պետք է ընտրություն կատարել: Եւ բանականությունը հուշում է, որ նախընտրելի են կարգավորումը, խաղաղությունը, բարիդրացիությունը: Այդ դեպքում, իրոք, Հայաստանը եւ Ղարաբաղը կունենան տնտեսական ամուր բազա հիմնելու գործնական, ոչ թե վիրտուալ հնարավորություն: