10.01.2018 19:04

Սերգո Տոնոյան. «Մեր հարցերը»

Սերգո Տոնոյան.  «Մեր հարցերը»

Ամանորի այս մեկ շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունն, անկասկած, հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում ընթացող բողոքի ցույցերն են։ Արտասահմանյան մամուլի եւ փորձագիտական շրջանակների, ինչպես նաեւ մի շարք պետությունների պաշտոնական արձագանքներն, իհարկե, հնարավորություն տալիս են դեպքերի առնչությամբ որոշակի պատկերացում կազմելու։ Սակայն Իրանի վերաբերյալ՝ որպես թե՛ տարածաշրջանային, թե՛ առհասարակ համաշխարհային բավական հզոր պետություն լինելու հանգամանքից ելնելով, դժվար է հապճեպ եզրակացություններով դատողություններ անել եւ հատկապես՝ կանխատեսել ապագա զարգացումները։

Տեղի ունեցածը, բնականաբար, պատճառ հանդիսացավ հայաստանյան սոցցանցերում եւ մասնակիորեն նաեւ մամուլում ծավալված բազմաթիվ բանավեճերի։ Դրանցից շատերը գուցեեւ բավականին տրամաբանված լինելով հանդերձ, իրադարձությունների հետագա ծավալման դեպքում որպես նվազագույն արդյունք շատուշատերին վստահաբար կտան խիստ անհրաժեշտ տեղեկություններ մեր հարեւան պետության մասին, ինչի պակասը, անշուշտ, ընթացիկ բանավեճերում նկատվում էր։

Սակայն քննարկումներում առկա որոշ վտանգավոր մտքեր հեշտությամբ՝ ինչպես ամանորի սեղանի շուրջ, հավաքում են սոցիալական ցանցերի մեր բազմաթիվ օգտատերերի եւ անհանգստանալու մեծ առիթ ստեղծում։ Որպես պատրվակ ընտրելով Իրանում առկա թանկացումներն, ինչն իր հերթին ներկայացվում է խիստ չափազանցված տեսքով, եւ զուգահեռներ անցկացնելով հայաստանյան համանման խնդիրների հետ, հերթական անգամ փորձ է արվում հասունացնել Հայաստանում սոցիալական բունտի դիմելու գաղափարը։ Այսօրինակ կեղծ օրակարգի ջատագովների քարոզչության առանցքում դրած Լուսավորականության դարին բնորոշ մարդու իրավունքների եւ ազատության մասին բարձրախոս լոզունգների տակ դժվար չէ նկատել մեզ քաջ ծանոթ հայդատականների զազրելի մտքերով հյուսված թակարդը։

Ազատատենչ իրանցիներին իրենց զորակցությունը հայտնող մեր հայրենակիցները, որոնց մեծ մասը, համաձայն ֆեյսբուքյան գրանցումների՝ ապրում է թե՛ Հայաստանից, թե՛ Իրանից յոթը ծով այն կողմ, ջանք չեն խնայում եւ չեն զլանում ընդդեմ տեղական բռնապետական ռեժիմի ոտքի հանել այստեղ ապրող խեղճուկրակ, աղքատ իրենց բարեկամ-ընկերներին: Ինչ խոսք, մեր իշխանությունները վաղուց են վաստակել բանտերում հայտնվելու իրենց արժանի իրավունքը, սակայն երբ դրա մասին խոսում է ուղնուծուծով հայդատական գաղափարներով վարակված մեկը, որն անգամ տեղյակ չէ, թե Հայաստանի իշխանություններն արդեն 20 տարի է՝ ինչ վարում են հենց իր նման հիմարի սրտով պատվիրած քաղաքականություն, ապա մնում է հուսալ, որ այսօրինակ տգետ դրսեւորումները համացանցից այն կողմ չեն անցնի:

Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներում մեր բանիմաց «փորձագետները» չեն ուշանում նաեւ այդ երկրի կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին իրենց ավետումները ներկայացնել մեզ: Մի մասը վստահ է, որ 1979 թվականին գահընկեց արված Շահի իրավունքները պետք է վերականգվեն, մյուսները կարծում են, որ Իրանը՝ Չինաստանի օրինակով, պետք է դիմի արմատական բարեփոխումների եւ բարելավելով հարաբերությունները Արեւմուտքի հետ՝ բացվի աշխարհի առաջ եւ այլն: Այս կետից էլ ահա իրանական հարցը իրենց՝ իրանցիներին թողնելով եւ հուսալով, որ մեր բարեկամ երկրում հնարավորինս շուտ կվերականգնվի անդորրը, եւ եղած զոհերի թվին չեն ավելանա նորերը, գանք Հայաստան, 2018 թվական:

Այն, որ հարեւան պետությունում կառավարման կարգի փոփոխության շուրջ բանավեճը բավական ակտիվ ընթացք էր ստացել մեր սոցցանցերում, կարելի է միայն զավեշտ անվանել: Գուցե տարօրինակ թվա, բայց արդեն այսօր պարզ է, որ Հայաստանում ներքաղաքական լուրջ գործընթացների ականատեսը դառնալու հավանականությունը շատ փոքր է։ Եւ դա ոչ այն պատճառով, որ օրակարգ ձեւավորող խիստ քաղաքական հարցեր չկան կամ չեն լինելու։ Ընդհակառակը՝ տարին ի սկզբանե հարուստ է քաղաքականությամբ, եւ միայն մե՛ր երկրի կառավարման համակարգի փոփոխությունները բավարար պետք է լինեն ծավալուն օրակարգի ձեւավորման համար։ Փոխարենը, սակայն, հասարակությունը՝ «շնորհիվ» խորհրդարանական կեղծ ընդդիմության ապաշնորհ եւ անարդյունք գործունեության, ինչպես նաեւ՝ ուղնուծուծով սովետական քաղքենիությամբ վարակված մերօրյա մտավորականության համառ լռության, դատապարտված է հայտնվել վերջնական մեկուսացման եւ շրջափակման մեջ։

Արցախյան շարժման 30-ամյակին ընդառաջ, Հայաստանում առկա իրավիճակը, դժբախտաբար, անուղղակի կերպով նմանվում է երեք տասնամյակ առաջ գոյություն ունեցող պայմաններին։ Հանրապետական կուսակցության իշխանության նմանությունը Կոմունիստական ռեժիմին՝ վերջինիս բնորոշ բազմաթիվ արատներով, կարծես ապացուցման կարիք չի պահանջում։ Անհերքելի է նաեւ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կախվածությունը նույն «կենտրոնից»։ Իսկ ներկայիս ե՛ւ քաղաքական, ե՛ւ մշակութային վերնախավի քծնանքն այդ «կենտրոնի» նկատմամբ, նախանձ կառաջացներ անգամ այն ժամանակվա մեր «ինտելիգենցիայի» շրջանում։ Միաժամանակ, պարզապես անքննելի եւ անվիճելի է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը Մոսկվայի հայեցողության տակ լինելու փաստը։ Սա չեն վիճարկում ոչ Արեւմուտքը, ոչ էլ վերջինիս սպասարկու տեղական ներկայացուցչությունները։ Սա չի վիճարկում նաեւ Հայաստանը։ Ցավոք:

Որոշ կարեւոր վերապահումներով հանդերձ, պետք է արձանագրենք, որ երեք տասնամյակ անց կարծես վերադարձել ենք նույն կետին, եւ դեռ մի բան էլ, ըստ էության՝ ավելի վատ պայմաններով։ Հայաստանի ժողովրդագրական դրությունը բավարար է, որպեսզի ներկա պայմանները գնահատենք, մեղմ ասած, անմխիթար՝ համեմատած թեկուզեւ նույն 88-ի հետ։ Իշխանությունների հակադեմոկրատ բնույթը, անտանելի մտավորականությունն ու ֆեոդալական մտածողության տեր վերնախավը եւ սրանց բոլորի պահվածքն արտագաղթի առկա պայմաններում, ինչպես տասնամյակներ առաջ, այդպես էլ մեր օրերում, խոր անջրպետ են առաջացրել ժողովրդի հետ հարաբերություններում։ Եւ որքան էլ ակնհայտ լինեն թվարկած իրողությունները, ցավոք, բայց չի արթնանում այս ամենի դեմ պայքարելու ամենասովորական ցանկությունը ոչ քաղաքական, ոչ էլ հասարակական շրջանակներում։ Հարմարվողականությունը դարձել է գերիշխող մոտեցում հայաստանյան կյանքում։ Ստեղծված իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը բացատրելու բոլոր փորձերը հանդիպում են սուր եւ բութ հակազդեցության, ինչի անթաքույց նպատակն իրականում ամեն գնով արդարացնելն է գործող իշխանությանը։

Այսպիսի իրավիճակն իրենց հակապետական շահերին ծառայեցնելու լավագույն առիթը բաց չեն թողնում վերոհիշյալ ծայրահեղական տարրերը: Ներքաղաքական ամայությունն այն պարարտ հողն է, որից ծնվում են «արյան գնով հարց լուծողների» բանակները: Եւ որքան անկայունանում է տարածաշրջանը, որքան թուլանում է Հայաստանի դիրքը, այդքան ավելի են սրվում «Մահ կամ ազատություն» ավետողների ջղաձգումները:

Ինչեւէ, 2018-ին ընդառաջ հայաստանյան հասարակությանն այլ բան չի մնում, քան սառնասրտորեն դուրս գալ հուսալքված այս մթնոլորտից՝ մի կողմ դնելով ընկճվելու բոլոր առիթները, ոգեշնչվել նախորդ տասնամյակների քաղաքական պայքարների վառ եւ բովանդակային օրինակներից եւ թելադրել իշխանություններին սեփական օրակարգը, առավել եւս, որ այդ օրակարգի հիմքում այնքան պրիմիտիվ հարցեր են, որ ամոթ է դրանց մասին այսքան երկար ժամանակ խոսելը։ Արդյո՞ք հայաստանցու՝ քիչ թե շատ բարեկեցիկ պայմաններում ապրելու տարրական ձգտումն այդ աստիճան անլուծելի եւ բարդ խնդիր է այս իշխանությունների համար, արդյո՞ք խաղաղության հասնելու մեր պահանջը հավելյալ բացատրման կարիք ունի: Մի՞թե պարզ չէ, որ թիկունքում ունենալով Արցախի չկարգավորված հարցը, իսկ շուրջը՝ անկայուն տարածաշրջան, Հայաստանն իր գոյությունն է սպառնալիքի տակ դնում: Քանի՞ տարի կամ տասնամյակ է պետք տարրական բանականությանը ականջալուր լինելու համար, եւ դեռ որքան ժամանակ են այս իշխանությունները պատրաստվում խույս տալ իրենց բաժին պատասխանատվությունից՝ Ղարաբաղի հարցի չկարգավորվածությունը մե՛կ սրա, մե՛կ նրա ուսերին բարդելով:

Լրջանալու ժամանակն է, եւ խորհրդանշական այս տարին ոգեշնչման լավագույն առիթը կարող է դառնալ: