10.01.2018 18:04

ԱԺ նախագահը, ՍԴ նախագահն ու գլխ. դատախազը հեռացվում են Անվտանգության խորհրդից

ԱԺ նախագահը, ՍԴ նախագահն ու գլխ. դատախազը հեռացվում են Անվտանգության խորհրդից

Արդարադատության նախարարությունը հրապարակել է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Դրանով մասնավորապես ամրագրվել է Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները,սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը:


Ըստ նախագծի՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու նոր Սահմանադրությամբ օժտված լիազորություններով վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով:

Գործող օրենքով ԱԱԽ-ը գլխավորում է ՀՀ նախագահը, խորհրդի անդամներն են ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ փոխվարչապետը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ պաշտպանության նախարարը,ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Առաջարկված նախագիծն նույնությամբ ընդունելու դեպքում ԱԱԽ կազմից դուրս կմնան նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը: