11.01.2018 02:25

Օսկարին ընդառաջ. Քո անունով ինձ կոչիր (Call me by your name)

Օսկարին ընդառաջ. Քո անունով ինձ կոչիր (Call me by your name)

Ռեժիսոր՝

Լուկա Գուադանյինո

Գլխ դերերում՝

Թիմըթի Շալամե

Արմի Համըր

 

Երբ ամառն ու պատանեկությունը հատվում են, երազանքի ու հեռավորության սահմանները պայմանական են դառնում. ու առաջին սիրո անսպասելի այցը չպարտադրող կերպով դարձնում է ողջ հետագա կյանքդ post-պատանեկություն կամ Հետառաջինսեր:

Այն էլ երիտասարդի (յուրահատուկ Արմի Համըր) տեսքով, այն էլ` տաք իտալական տուն ու քո՝ երաժշտի (բացառիկ Թիմըթի Շալամե) սիրտ:

Լուկա Գուադանյինոյի վերջին ֆիլմը (ներկայացվել էր հանրությանը դեռևս 2017 թվականի հունվարին, Սանդենս կինոփառատոնում) անհամբեր կինոսպասում է առաջացրել. առավել ևս «Լուսնի լույսի» տրիումֆից հետո և ԼԳԲՏ-շարժման՝ չդադարող հաղթանակների ֆոնին:

2017 թվականին, թվում է, հնարավոր չէ զարմացնել գեյ-թեմատիկայով, մանավանդ ռետրո տարբերակով, հատկապես՝ առանց սկանդալային տեսարանների ու սյուժեի: Բայց Էլիոյի դերակատարի անմիջական խաղն ու ապրումները, պատումի թեթև ու նրբին ոճը, գույնի ու պատկերման խաղարկումը սահուն անցնում են ժամանակի ու տարածության գոտիներով դեպի իտալական միջավայր ու մշակույթ, որին, ի դեպ, խորթ չեն հոմոէրոտիկ դրսևորումները ու շերտերը:

Էլ չասած ֆիլմի երաժշտության մասին, որի չընդհատվող թույլ հպումները դեռ երկար-երկար մնում են մտքումդ՝ պատրաստ արձագանքելու ամեն մի դրվագի ու հնչյունի հանդիպմանը. առինքնող զգացմունքի հիշողության պես, առաջին համբույրի ու ֆանտազիաների նման:

Հայաստանում մեծ էկրանին այն տեսնել հնարավոր չէր, մնում է ինտերնետային տարբերակը: Մրցանակների ու անվանակարգերի արշավում այն կգտնի իր տեղը, թեև ամենակարևոր տեղն ունի. պատանեկան սիրո այս մանիֆեստը գրավել է կինոքաննադատների ու հանդիսատեսի սիրտը:

Ֆիլմը չի բացահայտում արգելված սիրո ու սոցիալական դրամայի խորքերը. այն նույնիսկ չի էլ ձգտում ընդգրկել կրքի ու շարունակության ամբողջ խենթությունը: Բայց լուսավոր թախծի համը, որ մնում է դիտումից հետո, ստիպում է վերհանել մեր իսկ գաղտնարանների խունացող պատկերները, որ ժամանակին խուսափել են տեսախցիկների ու աչքերի որոնումներից: Մեր խիզախության շնորհիվ կամ էլ հենց դրա բացակայության պատճառով:

 

Ամփոփում

Ժանրը՝ մուրազ

Imdb գնահատականը՝ 8.4

Իմ հոտառությամբ՝ 7.8

Էսթետիկան՝ Ապոլոն-Դավիթ

Ֆորմատը՝ գեյ-քարոզչություն J)

Ու՞մ համար՝ 14-89 տարեկան պատանիների ու հատկապես նրանց ծնողների

Էլ ու՞մ համար՝ բաբուխների

Ընթերցանության տեսակը՝ պարտադիր-դպրոցական

Աշխարհաքաղաքական կոնտեքստը՝ ԵՄ ասոցացում

 

Լեւոն Գայլ Ավետիսյան