Մամուլ. Բրիտանիան հրաժարվել է դիվանագիտական ստատուս տրամադրել Ասանժին

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մերժել են Էկվադորի կառավարությանը՝ դիվանագիտական ստատուս տրամադրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանած՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այդ մասին հաղորդել է Guardian թերթը՝ հղում անելով բրիտանական ԱԳՆ-ի ներկայացուցչի:
«Էկվադորի կառավարությունն օրերս դիվանագիտական ստատուս էր հայցել Ասանժի համար այստեղ՝ Մեծ Բրիտանիայում: Մեծ Բրիտանիան հավանություն չի տվել այդ հայցին: Մենք նաև այդ հարցով բանակցություններ չենք վարում Էկվադորի հետ»,- հայտարարել է բրիտանական ԱԳՆ ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքով՝ Էկվադորի իշխանություններին «հայտնի է, որ Ջուլիան Ասանժի հետ կապված խնդիրը հնարավոր է լուծել, եթե նա լքի դեսպանատան տարածքը»՝ արդարադատության առջև կանգնելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ասանժին տրվել է էկվադորյան անձնական վկայական:
Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից, այն ժամանակ նա դիմել էր Էկվադորի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, քանի որ վախենում էր, որ Շվեդիայի իշխանություններն իրեն կհանձնեն ԱՄՆ-ին՝ WikiLeaks-ի գործունեության հետ կապված:
Փոխանցում է ria.ru-ն: