11.01.2018 18:06

«Նաիրիտում» հրդեհի առիթով հարուցված քրգործը կարճվել է

«Նաիրիտում» հրդեհի առիթով հարուցված քրգործը կարճվել է

2017-ի օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործաչրանում առաջացած հրդեհի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է, տեղեկացնում են Քննչական կոմիտեից:  

Հիշեցնենք, որ այրվել էին գործարանի տեղամասերից մեկի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում առկա քիմիական լաք-էթինոլ դյուրավառ նյութը, հարակից տարածքի չոր բուսածածկույթը, մասամբ փլուզվել էին բետոնյա տարողությունների տանիքները, դեֆորմացվել էին տանիքի մետաղական ճաղավանդակները:

Նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը, հաստատված համարելով, որ դյուրավառ նյութի պահպանման կանոնները խախտելու հետեւանքով առաջացած հրդեհը ծանր հետեւանքների չի հանգեցրել, 2017թ. նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու եւ ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Սակայն քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է այդ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքը:

Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. նոյեմբերի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջեւ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Իսկ «ՀՀ կառավարության 2017թ. փետրվարի 23-ի՝ «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ «ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին» թիվ  165-Ն որոշման համաձայն՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին գումար է հատկացվել՝ տեխնոլոգիական համակարգերում եւ սարքավորումներում առկա քիմիական նյութերի եւ սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին աջակցելու նպատակով:

Ելնելով վերոգրյալից՝ Երեւան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ քննարկման առարկա դարձնելու արձանագրված խախտումները, դրանք ծնող պատճառները եւ միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում եւ սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության գործում ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, հետագայում հնարավոր ծանր հետեւանքներից խուսափելու նկատառումներով նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ եւ արդյունքների մասին հայտնել Երեւան քաղաքի դատախազությանը: