12.01.2018 02:04

Չեխիայում ՀՀ դեսպանը՝ ընդդեմ սովետական պատմության «վերանայման»

Չեխիայում ՀՀ դեսպանը՝ ընդդեմ սովետական պատմության «վերանայման»

Չեխիայի արտաքին գործերի նախարարը հորդորել է նախկին ԽՍՀՄ հինգ երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեսպանին զերծ մնալ «անհարկի միջամտություններից»:

Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի դեսպանները համատեղ նամակ են գրել Չեխիայի իշխանություններին, որով անթույլատրելի են համարում Պրահայում սովետական մարշալ Կոնեւի արձանի հուշատախտակի գրության խմբագրումը:
Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանական օկուպացիայից Չեխոսլովակիան ազատագրած մարշալը հետագայում մասնակցություն է ունեցել Հունգարիայում եւ Չեխոսլովակիայում հակասովետական ցույցերը բռնությամբ ճնշելու գործողություններին: Պրահայի իշխանութունները որոշել են Կոնեւի հուշարձանի գրության մեջ ամրագրել այդ փաստը:

Վերոնշյալ դեսպաններն իրենց նամակում դա համարում են «պատմության քաղաքականացում եւ վերանայում» ինչպես նաեւ՝ «նացիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակի պղծում»:

Ի պատասխան, Չեխիայի ԱԳՆ-ն նշել է, որ մարշալ Կոնեւի արձանը Պրահայի համապատասխան վարչական շրջանի իշխանության իրավազորության տակ է: Միեւնույն ժամանակ, նշվում է, որ Չեխիան շարունակում է հարգանքով վերաբերել նացիզմի դեմ պայքարած բոլոր զինվորականների, այդ թվում՝ տարբեր ազգությունների կարմիրբանակայինների հիշատակին: Ամեն դեպքում, ըստ հաղորդագրության, Կոնեւի արձանը զինվորական գերեզման չէ, հետեւաբար՝ պետության հատուկ հոգածության առարկա չէ, եւ դրա ճակատագիրը տնօրինում են բացառապես թաղամասի ընտրյալ իշխանությունները:  

«Ողջ հարցը դիտարկում ենք որպես թյուրիմացություն, իսկ ձեր նամակի հրապարակումը, որպես անտեղի քայլ», - ասվում է Չեխիայի ԱԳՆ հաղորդագրությունում: