22.09.2012 00:18

Ֆրանսուա Օլանդ. Հայաստանը կարող է հպարտանալ իր անցած ճանապարհով

Ֆրանսուա Օլանդ. Հայաստանը կարող է հպարտանալ իր անցած ճանապարհով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ անկախության տոնի կապակցությամբ շնորհավորել է հայ ժողովրդին: Սերժ Սարգսյանին ուղարկված նամակում մասնավորապես նշվում է:  

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ բարեմաղթանքները՝ ցանկանալով երջանկություն, բարգավաճում և հաջողություն:

Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով: Ձեր երկրին հաջողվել է առաջ ընթանալ ժողովրդավարության և բարգավաճման ուղով` միևնույն ժամանակ իր դիրքերն ամրապնդելով միջազգային ասպարեզում:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները խորապես խարսխված են պատմության մեջ և նշանավորվում են ֆրանսիացի և հայ ժողովուրդների միջև բարեկամությամբ: Ես ցանկանում եմ շարունակել քսան տարի առաջ մեկնարկած առաքելությունը` ուղղված մեր երկու երկրների միջև առանց բացառության բոլոր բնագավառներում հագեցած և վստահելի հարաբերությունների կառուցմանը:

Օգտվում եմ նաև այս առիթից` ողջունելու համար Ձեր կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ամենամեծ կարևորությունն է տալիս դրան:

Ուրախ եմ, որ շուտով հյուրընկալելու եմ Ձեզ Փարիզում և որ առիթ կունենանք շարունակելու մեր քննարկումները:

Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն Նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»:

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է ստացել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունից, ինչպես նաեւ՝ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից: Համաձայն նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, հարեւան երկրների ղեկավարներից միայն Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն է շնորհավորել Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ: