12.01.2018 13:19

ԱՄՆ-ը նոր պատժացուցակ է նախապատրաստում

ԱՄՆ-ը նոր պատժացուցակ է նախապատրաստում

ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է կոնգրեսին ներկայացնել «կրեմլյան զեկույցը»՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների ցուցակը, որոնց կարելի է համարել Ռուսաստանի իշխանությունների մերձավոր շրջապատի մարդիկ, հաղորդում է  Коммерсант-ը: Թերթի աղբյուրները նշում են 50 հոգու մասին, իսկ ընտանիքի անդամների հետ միասին, ինչպես պահանջում է օրենքը, այդ թիվը կարող է հասնել առնվազն 300-ի: Ընդ որում՝ թերթի զրուցակիցները կոնկրետ անուններ չեն հաղորդել:

«Կոնգրեսականները, որոնք ցանկանում են նախագահ Դոնալդ Թրամփին մղել ավելի կոշտ գործողությունների, հրապարակել են 200 էջանոց զեկույց՝ դեմոկրատիայի վրա Կրեմլի «անհամաչափ գրոհների» և ԱՄՆ-ի համար դրանց հետևանքների վերաբերյալ: Զեկույցի գլխավոր գաղափարը  եվրոպական դաշնակիցների ներգրավմամբ Մոսկվայի դեմ նոր գլոբալ ճակատի ստեղծումն է»,- նշում է թերթը:

ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության նախկին համակարգող Դենիել Ֆրիդի խոսքով՝ սև ցուցակում հայտնվելը դեռ չի նշանակում, թե այդ մարդկանց նկատմամբ ավտոմատ կերպով պատժիչ միջոցներ կսահմանվեն: «Այնուհանդերձ, այդ ցուցակում հայտնվելու փաստն ինքնին մեծացնում է հավանականությունը, որ ապագայում նրանց նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ»,- հավելել է Դենիել Ֆրիդը:

Փոխանցում է BBC-ն: