12.01.2018 14:41

Արսեն Գրիգորյան. Աստված չկա, իսկ իշխանությունը կա

Արսեն Գրիգորյան. Աստված չկա, իսկ իշխանությունը կա

Հեքիաթ է սահմանադրական այն ընկալումը, որ «եկեղեցին անջատ է պետությունից»: Հայաստանում նման բան չկա: Հետեւաբար՝ եկեղեցին պետք է ենթարկվի պետությանը:

Ինքը եկեղեցին է նման հարկադրանքի մղում պետությանը: Որովհետեւ պետության մեջ արտոնություններով եկեղեցին մեծ շռայլություն է: Սակայն սա հարցի մի կողմն է, նույնիսկ՝ աննշան կողմը: Երբ եկեղեցին սովորական հավատավորին, ասենք, ազգային միասնության խորհրդանիշին, դիցուք՝ զինվորին թողած՝ անընդհատ Տաղավար տոնի խաչքավոր է սարքում պաշտոնյային, ինքը մատնում է ոչ թե այն, որ պետությունից անջատ չէ, այլ որ պետության հետ մութ գործերի մեջ է: Իսկ որո՞նք են մութ գործերը: Դա բացահայտում է Կոմիտաս վարդապետը: Նա առանց աչք թարթելու ասում է՝ ինչ իշխանություն ընտրել եք, նրա հետ էլ համագործակցում ենք: Ոսկի բառեր են: Չի ասում՝ չենք համագործակցում: Իսկ համագործակցության էությունն ավելի դաժան է՝ եկեղեցին եւ պետությունը միմյանց քաղաքացի եւ հավատացյալ են «գրեֆ» անում՝ հանուն միմյանց անսասանության:

Եկեղեցին ցույց է տալիս, որ իշխանության հետ լավ է, եւ հավատացյալը դրա հետ պետք է հաշվի նստի, իշխանությունն էլ այնքան անհույս է դարձնում քաղաքացու կյանքը, որ սա վազում է եկեղեցի՝ մխիթարություն եւ նույնիսկ սոցիալական օգնություն գտնելու: Եվ սովորաբար ստանում է: Ինքնին եկեղեցին սարսափելի բան չէ, նույնիսկ անհրաժեշտ է: Բայց եթե իսկապես անջատ է պետությունից: Մեր պարագան այդպես չէ: Մեր եկեղեցին չի դատապարտում արտագաղթը: Ինչու՞: Որովհետեւ Հայաստանից արտագաղթողը եկեղեցուց չէ, որ արտագաղթում է, Կանադայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ավստրալիայում նա ունի իր Հայ առաքելական եկեղեցին:

Մեր եկեղեցին կարիք չունի իշխանությունից զգուշացվելու, որ արտագաղթը դատապարտել պետք չէ, սա նույնպես եկեղեցուն հավատացյալ «գրեֆ» (ներողություն ժարգոնային բառի համար) անելու եղանակ է: Եկեղեցին պետք է հեռու մնար իշխանության հետ հրապարակային սիլի-բիլիից: Սակայն ինքը դա անելու որեւէ տարբերակ չունի: Ինքը Վատիկան չէ, որ հանդես գա իբրեւ առանձին պետություն: Մահմեդական կրոն չէ, որի էության մեջ է արդեն իսկ աշխարհիկ իշխանությունը: Ինքը Հայ առաքելական եկեղեցի է: Իսկ աշխարհում կա միայն մեկ հայկական պետություն՝ Հայաստանը: Հայաստանն է այն արմատը, որի վրա մեր եկեղեցին ճյուղավորվում է որպես համայն հայության եկեղեցի: Ինքը չի կարող պետությունից անջատ լինել, եւ մենք ինչ-որ իմաստով դատապարտված ենք կղերական պետություն լինելու հենց այդ պատճառով՝ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, պետություն էլ չլինի, ինքը կլինի, բայց պետությունն է նրա գոյության երաշխավորը ամենուր: Պարզապես ամենուր նա իսկապես չի խառնվում պետության գործերին, աշխարհի ցանկացած մասում ինքը ենթակա է պետության ողորմածությանը, կուզեն՝ թույլ կտան, որ գոյատեւի, կուզեն՝ փետրահան կանեն: Եվ տվյալ պետության իշխանությունների հետ մեր եկեղեցու համագործակցությունը գոյատեւողի համագործակցություն է, եւ հիմնականում (եթե ոչ փաստացի, գոնե՝ էության մեջ) ուղղված է առաքելական հավատքը պահպանելուն:

Ուրեմն, ի՞նչ ենք ուզում Հայ առաքելական եկեղեցուց: Խաչքավորին իշխանությունից «պարտք անելով»՝ նա ցույց է տվել, որ սպասելիքները միայն իշխանությունից են, որ ստանալիքը նրանից է, ոչ թե ազգային խորհրդանիշներից, ասենք՝ որեւէ հանճարեղ արվեստագետից կամ նույնիսկ ատամնաբույժից: Եկեղեցին չի կարող լինել իշխանամետ կամ ընդդիմադիր, որովհետեւ Աստված որեւէ մեկի իշխանությունը երկրի վրա չի ճանաչում, ինքը պարզապես իր «ներկայացուցիչներն» ունի երկրի վրա, ինչպես հավատացնում են: Պետք է դադարեցնել եկեղեցուց պետության գործերին չխառնվելու պահանջ ներկայացնելը, քանի որ այն, կրկնում եմ, Հայ առաքելական եկեղեցի է: Նա չի խառնվում, նա պետության մասնիկ է: Հենց թեկուզ այն պատճառով, որ Աստված չկա: Իսկ Սերժ Սարգսյանը կա: