12.01.2018 15:46

Լիզա Ճաղարյան. ԵԼՔ-ը գտել է ելքը

Լիզա Ճաղարյան. ԵԼՔ-ը գտել է ելքը

Ճիշտն ասած, տոնական օրերից հետո ես այլ բան էի սպասում Հայաստանի «միակ ընդդիմադիր» ուժ «ԵԼՔ»-ից։

Սպասում էի, որ ելքականները կելնեն կտուրները եւ ահեղադղորդ ձայնով ոտքի կհանեն հասարակությանն՝ ընդդեմ ՀՀԿ-ականների ղեկավարի հերթական խաբեության։

Բոլորս էլ հիշում ենք, ելքականները՝ մեզանից ավելի լավ, որ Սահմանադրության փոփոխությունից առաջ ՀՀԿ-ականներն իրենց առաջնորդի հետ միասին երդում-կրակ էին ուտում, որ ՀՀԿ նախագահն այլեւս ոչ մի պաշտոնի չի հավակնելու, եւ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման միմիայն հանուն մեր պետության պայծառ ապագայի, քանի որ կոռուպցիայի, թալանի, բեսպրեդելի եւ առհասարակ բոլոր-բոլոր ապօրինությունների պատճառը նախագահական կառավարմամբ Սահմանադրությունն է։

Եվ ինչու՞ եմ վստահ, որ ելքականները բոլորիցս լավ են հիշում, թե այդ օրերին ով ինչ էր ասում։ Պարզագույն պատճառով։ Որովհետեւ այդ նույն օրերին ամենաբուռն ջղակծկումներով հե՛նց այս ուժերն էին հեգնում ՀՀԿ-ականների երդում-կրակին չհավատացողներին, հենց սրանք էին կոնգրեսականների պայքարը որակում ոչ ավել-ոչ պակաս «կեղծ օրակարգ», եւ հետագայում հենց սրանք էլ ծվարեցին «ԵԼՔ» խոստումնալից անվան ներքո եւ դրանով իսկ ապահովեցին Ազգային ժողովում հայտնվելու «երանությունը»։

Ի՞նչ կա որ։ Մարդ են, սխալվել են։ Անբացատրելի պատճառով, թե «գրբացի չար ջանքով» մեկ էլ հանկարծ որոշել են հավատալ ՀՀԿ-ականների ղեկավարի «ազնիվ խոսք»-ին, վստահ են եղել, որ եթե ասում է՝ չեմ հավակնում ոչ մի պաշտոնի, դե՛ ուրեմն չի հավակնում, էլի՛, եւ ՀՀԿ-ականների նպատակը միմիայն մեր պետությունը ապօրինությունների ճանկերից ազատելն է։ Թե ոնց պատահեց, որ հավատացին, իրենք կիմանան. կյանք է, կպատահի։

Հիմա էլ հանկա՛րծ, ելքականների համար շա՛տ անսպասելի պարզվել է, որ իրենք չարաչար սխալվել են։ Պարզվել է՝ ավա՜ղ, իզուր էին հավատացել ՀՀԿ-ականներին։ Պարզվել է՝ ՀՀԿ ղեկավարը ոչ միայն մտադիր է կրկին մնալ պետության առաջին դեմքը, այլեւ բացահայտորեն լծվել է դրա իրականացման գործին՝ իր իսկ այն մանկլավիկների հետ միասին, որոնք մինչ սահմանադրական փոփոխությունները աջուձախ «թրատում էին» անհավատներին, թե բա՝ մեր ղեկավարն ասում է, որ գնալու է վաստակած հանգստի, ուրեմն գնալու է, դուք տեսած կամ լսած կա՞ք, որ մեր ազնվազարմը խաբի։

Ու քանի որ պարզվել է, որ ելքականներն անգթորեն խաբվել են, ուրեմն նույնիսկ մանկամսուրային տրամաբանությունը հուշում է, որ այս ելքականները պետք է կտուրից կտուր ցատկեին ու ահազանգեին, թե՝ ա՛յ հասարակություն, սխալվել ենք, որ ժամանակին հեգնել ենք կոնգրեսականներին՝ Ս. Ս.-ին չհավատալու եւ Սահմանադրության փոփոխության դեմ պայքարելու համար, պարզվում է՝ Ս. Սարգսյանի միակ նպատակն իր իշխանության երկարաձգումն է եղել։

Եվ այսպես կտուրից կտուր թռչելով ելքականները պետք է որ հասարակությանը ոտքի հանեին ու ի՞նչ անեին... Այո, պետք է երթ կազմակերպեին ընդդեմ ՀՀԿ-ականների խաբեության եւ պահանջեին, որ նախագահական կառավարման ավարտից հետո նրանց ղեկավարը դառնար թոշակառու։

Իսկ ի՞նչ են պատրաստվում անել ելքականները։ Կասեք՝ ե՛րթ։ Ինչի՞ դեմ։ Կասե՞ք, թե ես ասեմ։ Լավ, ե՛ս ասեմ։ Ընդդեմ թանկացումների։

«Հզոր» քայլ է։ ԵԼՔ-ը վերջապես գտավ այն խնդիրը, որը կործանում է մեր պետությունը եւ որոշեց հասարակությանը փողոց հանել։

Դե, քանի որ Ս. Սարգսյանը նույնպես դժգոհել է թանկացումներից, առաջարկում եմ ելքականներին՝ թռցնել դաշնակցականների կարգախոսը. «Նախագահ, մի զիջիր»։

Վստահեցնում եմ, շա՛տ ազդեցիկ երթ կլինի։

Օն անդր առա՛ջ։