12.01.2018 16:29

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ. Անհրաժեշտ է ԼՂ շփման գծից հետ քաշել դիպուկահարներին

ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ. Անհրաժեշտ է ԼՂ շփման գծից հետ քաշել դիպուկահարներին

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն հաստատել է իտալական նախագահության պատրաստակամությունը՝ աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու միջոցով:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր ելույթում ընդգծել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն, և տարբերվում են նաև դրանց կարգավորման սկզբունքները և ձևաչափերը: Այս տեսակետից դիվանագետն արժևորել է իտալական նախագահության դիրքորոշումը՝ աջակցել հակամարտության կարգավորման առանձին ձևաչափերի գործունեությանը:

Դեսպան Կիրակոսյանը նշել է նաև, որ Հայաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կարգավորելու ԼՂ հակամարտությունը երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Առանձնահատուկ շեշտադրվել է  շփման գծում լարվածությունը նվազեցնելու միջոցառումների, այդ թվում գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդման և հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծվել դիպուկահարներին շփման գոտուց հետ քաշելու անհրաժեշտությունը՝ ի կատարումն ԵԱՀԿ նախկին նախագահությունների և Մինսկի խմբի համանախագահների կոչերի:

Անդրադառնալով Երևանյան գրասենյակի փակումից հետո ԵԱՀԿ հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է  «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի իրականացումը և դրա ուղղությամբ իտալական նախագահության աջակցությունը: