12.01.2018 19:05

Գյումրիում Ավետիսյանների սպանության 3 տարին է. Ժամանակագրություն

Գյումրիում Ավետիսյանների սպանության 3 տարին է. Ժամանակագրություն

Երեք տարի առաջ՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող, ռուսաստանցի ժամկետային զինվորական Վալերի Պերմյակովը, զենքով ինքնակամ լքելով զորամասը, սպանեց Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ 3-ամյա աղջկան: Ընտանիքի 7-րդ անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը ստացած վնասվածքներից մահացավ մեկ շաբաթ անց՝ հունվարի 19-ին:

Սահմռկեցուցիչ դեպքից ժամեր անց պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունների առնվազն անփութության հետեւանքով, սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին ձերբակալել են ռուսաստանցի սահմանապահները: Այդպիսով, ըստ ՌԴ սահմանադրության եւ հայ-ռուսական պայմանագրերի, հանցագործն այլեւս չէր կարող հանձնվել Հայաստանի իրավազորությանը:

Այս հանգամանքը ավելի ուժգնացրեց գյումրեցիների, եւ ոչ միայն նրանց դժգոհությունը: Սպանությանը հաջորդող մի քանի օրերին Գյումրիում բազմահազարանոց հուժկու ցույցեր տեղի ունեցան. ցուցարարները պահանջում էին անհապաղ հայկական կողմին հանձնել Պերմյակովին:

Ամսի 15-ին Գյումրի ժամանած գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին գյումրեցիները դիմավորեցին սուլոցներով, նրա ուղղությամբ իրեր էին նետում, պահանջում ապահովել Պերմյակովի պատիժը: Ցուցարարների ճնշման տակ Կոստանյանը խոստացավ կապվել ռուսաստանյան իշխանությունների հետ եւ պայմանավորվել, որ սպանության գործը կքննվի Հայաստանի իշխանությունների կողմից: Գյումրեցիները բողոքի երթով գնացին դեպի ՌԴ հյուպատոսության շենքը, սակայն նրանց երթը կասեցրեցին ոստիկանության զորքերը՝ ձայնա-լուսային ռումբերի ուղեկցությամբ հետ մղելով ցուցարարներին: Օրվա վերջում իշխանությունների եւ ժողովրդի միջեւ միջնորդի ու հաշտարարի դերով հանդես եկավ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը՝ հորդորելով մարդկանց գնալ տներն ու աղոթել սեփական մեղքերի ու սպանվածների հոգիների համար:

Հունվարի 19-ին՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան օրը, ցավակցական հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նույն օրը ցավակցական հայտարարություն տարածեց նաեւ մինչ այդ լռած Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը:

Սպանության առաջին օրերին ռուսաստանյան լրատվամիջոցների ակտիվ մասնակցությամբ տարածվում էր այն տեսակետը, թե իբր մեղադրյալ Վալերի Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունի, իր հայրենի Անդրբայկալյան երկրամասում մասնակցել է աղանդավորական հավաքների (այս փաստը հաստատվեց): Հետագայում սակայն, նրա հոգեկան հիվանդությունների մասին տեղեկությունը հերքվեց:

Գործի քննությունն արձանագրեց, որ Պերմյակովը Ավետիսյանների սպանությունը կատարել է միայնակ, նա իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր հանցանքներում: Սպանության դրդապատճառների մասին որեւէ հստակ տեղեկատվություն չկա:

2015-ի օգոստոսին վերջնականապես հաստատվեց, որ Ավետիսյանների սպանության գործով դատական քննությունը կիրականացնի հայաստանյան դատարանը՝ ՀՀ տարածքում: Մինչ այդ, Պերմյակովը ՌԴ դատարանի կողմից 10 տարի ազատազրկման դատապարտվեց ծառայողական հանցանքի՝ զենքով ծառայության վայրն ինքնակամ լքելու համար:

2016-ի օգոստոսի 23-ին Պերմյակովը ցմահ ազատազրկման դատապարտվեց:

2017-ի մայիսի 8-ին Վալերի Պերմյակովը տեղափոխվեց Ռուսաստան: Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ երաշխավորում են Պերմյակովի պատժի  «անվերապահ ու լիովին» կատարումը:

Ավետիսյանների սպանության վերաբերյալ ավելի մանրամասն՝ այստեղ