12.01.2018 20:58

Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հրաժարական չի տալու

Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հրաժարական չի տալու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ անդրադարձավ հայկական ֆուտբոլին վերաբերվող բազմաթիվ հարցերի: Անդրադառնալով«Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի շուրջ իրավիճակի մասին, նա ասաց.

«Մխիթարյանի հետ վերջին անգամ շփվել եմ Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ, երբ նման լարվածություն չկար: Այս ընթացքում շատ բան է փոխել: Տեղեկություններս գրեթե այնքան են, որքան բոլորինը: Կարծում եմ` պետք չէ ավելորդ խառնել իրավիճակը, այլ հարկավոր է սպասել իրադարձությունների զարգացմանը: Վստահ եմ` Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ով կարող է հաջողությամբ խաղալ աշխարհի ցանկացած թիմում: Նա այն խաղացողը չէ, ով կմնա պահեստայինների նստարանին»:

Ինչ վերաբերում է հրաժարական տալու խոստման մասին ՀՖՖ նախագահը նշեց. «Միանգամից հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր սպասում են իմ հրաժարականին: Հայտարարում եմ, որ հրաժարական չեմ տալու: Լրագրողներդ նշում եք ֆուտբոլասերների հետ զրույցի ժամանակ իմ ասած խոսքերը, ըստ որոնց ԱԱ-2018-ի եզրափակիչ ուղեգիր չնվաճելու դեպքում կհեռանամ իմ պաշտոնից, բայց հաշվի չեք առնում, թե ինչ պայմաններում է եղել այդ խոսակցությունը: Այն ընկերական զրույց էր ընդամենը: ՀՖՖ-ում իմ ծրագրերը կատարում եմ շատ լավ և չեմ տեսնում այլ մարդու, ով կարող է իմ ստեղծածի վրա ինչ-որ բան ավելացնել կամ գոնե չքանդել: Եթե նման մարդ լինի, խնդրեմ թող ընտրությունների ժամանակ գա, իր ծրագրերը ներկայացի ու հաղթի: Թող ոչ ոք չկասկածի, որ ես խոսքի մարդ եմ: ՀՖՖ-ն կարող եմ թողնել միայն այն դեպքում, եթե արժանի փոխարինող ունենամ: Այս պահին լավագույն թեկնածուն ինձ եմ համարում»:

ՈւԵՖԱ-ի կողմից կասկածելի համարվող «Լոռի» – «Էրեբունի» խաղին անդրադառնալով, բանախոսն ասաց, որ այն մարդիկ, ովքեր հրապարակել են այդ տեղեկությունը, շատ վատ են վարվել: Գործի գաղտնիությունը հենց ՈւԵՖԱ-ի պահանջն էր: Նա տեղեկացրեց, որ ՀՖՖ-ն դիմում է ներկայացրել օրինապահ մարմիններին, սակայն քննության գաղտնիությունը պահպանելու համար չմանրամասնեց, իսկ այդ տեղեկությունը մամուլին հայտնած անձի արարքը որակեց, քրեական հանցագործություն: 

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը դարձել է «Ավանի Ակադեմիայի» սեփականատերը և վերանվանվել է «Արարատ Մոսկվա»... 

«Զրուցել եմ Սամվել Կարապետյանի հետ: Նա հովանավորելու է այդ թիմը: Ժամանակի ընթացքում կտեսնեք, թե նա ինչ ծրագրեր ունի այդ ակումբի շուրջ: Նա նոր մարդ չէ ֆուտբոլում, 10 տարուց ավելի օգնում է մեզ: Նորմալ եմ վերաբերվում, որ եվրոպական ասպարեզ դուրս գալու դեպքում Հայաստանը կներկայացնի «Արարատ Մոսկվա» անունով թիմ: Այդ անվանափոխությունն ՈւԵՖԱ-ի հետ համաձայնեցված է: Մինչև «Արարատ Մոսկվան» Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունում մրցանակային տեղ գրավի ու եվրագավաթի ուղեգիր նվաճի, կանցնի 1,5 տարի: Դա նշանակում է, որ անվանափոխված ակումբը միայն 1,5 տարի հետ կկարողանա խաղալ Եվրոպայում, ուստի ժամկետային արգելքի խնդիր չի լինի»:

Ռուբե Հայրապետյանը ասաց նաև, որ Արթուր Պետրոսյանի հետհետ պայմանագիրը երկարաձգել եք, որովհետև անկախ արդյունքներից վստահում Է նրան:

Ազգերի լիգայի 4-րդ դիվիզիոնում խաղալը չի ազդի հեռուստատեսային եկամուտների վրա

«Բոլոր հավաքականները ֆուտբոլի միջազգային կառույցների հետ 6 տարվա պայմանագիր ունեն: Անկախ մրցակիցներից, ֆեդերացիայի ստացած գումարը չի փոխվում»:

Արգենտինացի մարզիչները Հայաստանում

«Այս հարցը հայկական ֆուտբոլի համար շատ կարևոր եմ համարում: Նրանք մարզելու են մեր բոլոր պատանեկան թիմերը` 14-18 տարեկաններ: Արգենտինացիների խումբը գլխավորող մարզիչը մեծ նվաճումների է հասել, ժամանակին գլխավորել է Արգենտինայի Մ-19 հավաքականը: Նրա խնդիրներից մեկը կլինի բարձրացնել հայ պատանիների խաղամակարդակը, որպեսզի նրանք տեղափոխվեն եվրոպական բարձրակարգ թիմեր: Պատանեկան հավաքականի արդյունքներն ինձ համար կարևոր չեն, ավելի մեծ նշանակություն ունի, որ այդ խաղացողներն ամրապնդեն ազգային ու երիտասարդական ընտրանիները: Նախկինում ունեինք 1996-97 թվականի ծնված խաղացողների թիմ, որոնց մեկ ակումբում էին խաղում, բայց հիմա նրանք չկան, ով է հիշում այդ ֆուտբոլիստներին... Նախկինում մեր մարզիչները սխալ են աշխատել: Միգուցե, արգենտինացիներին հրավիրելուց հետո հայ մարզիչները կհասկանան, որ նրանց հետ հույսեր չենք կապելու, որովհետև մեր տված կրթությունն անհասկանալի` ուր է կորում: Մարզչական դպրոցը շատ վատ վիճակում է, մեր աշխատանքներն իզուր են անցնում: Կան ընդամենը 2-3 լավ մարզիչներ: Սկսելու ենք մարզչական արտոնագրից շատերին զրկել»:

Նախկինում այլազգի մարզիչներ նույնպես աշխատել են Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, սակայն իրենց աշխատանքը չեն հասցրել ավարտին: Ի՞նչ է փոխվելու արգենտինացիների դեպքում:

«Այդ հոլանդացի ու բելգիացի մարզիչները հեռացել են պայմանագրերի ավարտներից հետո: Արգենտինացիները լավ ծրագիր են ներկայացրել, որն իրագործելու դեպքում նրանց պայմանագրերը նույնիսկ կերկարաձգենք»:

Հայաստանի հավաքականի տոմսերի գները

«Տոմսերը թանկ չեն: Եթե ուսումնասիրեք մյուս երկրները, կտեսնեք, որ մեր մոտ գները թանկ չեն: Հավաքականի վատ խաղի դեպքում երկրպագուները մարզադաշտ չեն գա, եթե նույնիսկ տոմսերի գները 1000 դրամ սահմանենք: Հենց հավաքականը սկսի լավ արդյունքների հասնել, երկրպագուները կրկին մարզադաշտ կվերադառնան: Նաև աբոնեմենտային համակարգ են կիրառելու, որ ավելի էժան գնով երկրպագուները կարողանան գնել տոմսերը»:

Արտասհամանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելու մասին

«Միշտ զբաղվում ենք արտասհամանում բնակվող հայ նոր ֆուտբոլիստների հրավիրելու շուրջ: Անուններ չեմ ուզում տալ, որովհետև հենց հրապարակում ենք անունները, նրանց գործակալներն անմիջապես սկսում են խանգարել: Մեզ այդ հարցերում միշտ օգում էր արգենտինահայ գործակալ Նորայր Նակիսը, սակայն նա հիմա ձերբակալված է: Զրուցել եմ նրա հետ, կարծես թե ձերբակալությունը քաղաքական որոշում է: Կարծում եմ` շուտով նրան բաց կթողնեն և մենք կշարունակենք համագործակցությունը»:

Դժգոհություն Հայաստանի հավաքականի խաղից

«Ես ու հավաքականի մարզիչը դժգոհ ենք հավաքականի խաղից: Ինչպե՞ս կարող էինք գոհ լինել մի թիմից, որը 6 գոլ է բաց թողնում»:

Դավիթ Յուրչենկոն կրկին հրավիրվելու է Հայաստանի հավաքական

«Մեզ լավ դարպասապահ նույնիսկ առանց խաղի է հարկավոր: Շարունակվելու են Յուրչենկոյի հետ բանակցություներ վարել ու կրկին հրավիրել նրան: ՀՖՖ-ն ի՞նչ կարող է անել, եթե այդ մարդը հրաժարվում է ընդունել առաջարկը: Այնուամենայնիվ շարունակելու ենք հրավիրել նրան, որովհետև մեզ բարձրակարգ դարպասապահ է հարկավոր»:

Հայաստանում բանակային ակումբ ստեղծելու հնարավորություն

«Հայաստանում ԲՄԱ հնարավոր է ստեղծել, եթե ինչ որ մեկը կամ որևէ կառույց համաձայնի ֆինանսավորել այն: Առայժմ ֆինանսավորող չկա: Եթե հանարվոր լինի նման ակումբ բացել, բնականաբար այդ թիմում խաղացող ֆուտբոլիստները զինվորական ծառայության տարեկետում կստանան»:

Ֆուտբոլն Արցախում

«Տեղյակ եմ Արցախի ֆուտբոլի ֆեդերացայում կատարվող աշխատանքներին: ՀՖՖ-ն փորձում է ամեն կերպ օգնել ենթակառուցվածքների հարցում: Հայաստանում կա արցախյան թիմեր, որոնք մասնակցում են Հայաստանի պատանեկան առաջնություններին: Մեր նպատակն այն է, որ առաջիկայում Արցախում գոնե պատանեկան փոքր առաջնություններ անցկացվեն, որից հետո հնարավոր կլինի այլ աշխատանքներ կատարել»:

«Փյունիկը» նոր ղեկավարների օրոք

«Կարծում եմ՝ արժանի մարդկանց եմ փոխանցել «Փյունիկը»: Սկզբում աշխատանքներն իմ դուրը չէին գալիս, ինչը հասկանալի է. նրանք նոր մարդիկ էին ֆուտբոլում: Առաջնությունում «Փյունիկը» նոր մարզչով վատ մեկնարկեց, սակայն հետո արագ փոփոխություններ կատարեցին: Արմեն Գյուլբուդաղյանցը դարձավ նոր մարզիչը, վերապատրաստման մեկնեց Եվրոպա, ապա «Փյունիկն» անմիջապես կերպարանափոխվեց: Այժմ Գյուլբուդաղյանց ամեն ինչ փոխել է: Հիանում եմ նույնիսկ նրանց մարզումները տեսնելով: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, «Փյունիկի» բազմաթիվ խաղացողներ կհամալրեն ազգային հավաքականը»:

«Բանանցի» սխալ «միտումը»

««Բանանցում» միտում կար չխաղացնել երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին: Դրա հետևանքով Մ-21-ի ընտրանին ձախողվեց: Հիմա այդ ֆուտբոլիստներին հանել են ակումբից: Այն ժամանակվա «Փյունիկը» նույնպես սխալ էր աշխատում, որովհետև գերհոգնածություն էր առաջացրել այդ խաղացողների մոտ: Մեծ հույսեր էի կապում պաշտպան Արթուր Քարտաշյանի հետ, սակայն անցած տարի նա ձախողվեց, իսկ հիմա նա փոխվել է ու նվիրվածությամբ է խաղում:

Երբեք չեմ հանդիպել լրագրողի, ով խորապես ուսումնասիրի ու քննադատի մարզչին: Հենց ազգային հավաքականի մարզիչը մի փոքր ձախողում է, քննադատում են: Ակումբներն են պատրաստում ֆուտբոլիստներին, որոնք գալիս են հավաքական ու ընդամենը 3-4 օր են գտվում հավաքականի մարզչի տրամադրության տակ: Ոչ մի մարզիչ այդ ընթացքում չի կարող ֆուտբոլիստներին ֆունկցիոնալ պատրաստել: Դա ակումբները պետք է անեն: Կխնդրեի ուշադրություն դարձնել մարզիչներին ու այն հանգամանքին, որ լեգենդար ֆուտբոլիստները կարող են միջամտել ու նաև խոչընդոտել խաղին: Լավ կլինի, որ լրագրողները հետևեն նաև առաջին և բարձրագույն խմբի հանդիպումներին: Լրագրողներն իրենց աշխատանքով կարող են օգնել ֆեդերացիային, նպաստել ֆուտբոլի զարգացմանը»:

Ռեսուրսների պակասի մասին

«Մարզիչների մեծ մասը թերանում է աշխատանքում: Ֆուտբոլիստների պակաս ունենք, բայց ֆեդերացիան վերջին տարիներին ակտիվ աշխատանքներ է տանում մարզերում ու ֆինանսների հիմնական մասն ուղղվում է ֆուտբոլի դաշտերի, մարզադպրոցների կառուցմանը: Ցանկանում ենք քանակից որակ ստանալ: Մարզերում խաղադաշտերը չեն բավարարում: Միշտ նշել եմ, որ Գյումրին հայկական ֆուտբոլի դարբնոցն է, հիմքը ու ճիշտ աշխատանքի շնորհիվ կարող է հավաքականին ֆուտբոլիստներ տալ: Գյումրու ֆուտբոլի դպրոցը կառուցեցինք, հանձնեցինք ժողովրդին, բայց հիմա այն արոտավայրի է նման»: 

Մխիթարյանի` «Տարվա մարզիկների» տասնյակում ընդգրկվելու մասին

«Ավելի արժանի մեկին չեմ տեսնում: Գլուխ եմ խոնարհում Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահող բոլոր մարզիկների առաջ, նրանք բոլորն արժանի են լավագույն տասնյակում լինել: Հանրությունն է Մխիթարյանին ամենաշատ ձայնը տվել ու քննադատներին այսպես կպատասխանեմ. ծանրամարտն ու բռնցքամարտն այն մարզաձևերն են, որոնցում քիչ երկրներ ներկայացուցիչներ ու քիչ լսարան ունեն: Ֆուտբոլին միլիարդավոր մարդիկ են հետևում ու համաձայն չեմ այն մտքի հետ, թե Մխիթարյանը քիչ է ներկայացրել Հայաստանը միջազգային հարթակում: Եվրոպա լիգայի խաղերն ավելի շատ մարդ է դիտում, քան մյուս մարզաձևերը: Խնդրում եմ ոչ մի սպորտաձև ու դրա ներկայացուցչի չնսեմացնել, քանի որ բոլորն էլ արժանի են: Իմ կարծիքով, ամենաարժանին Լևոն Արոնյանն է»: