13.01.2018 14:20

Հայտնի լրագրողը Բաքվում դատապարտվել է վեց տարվա ազատազրկման

Հայտնի լրագրողը Բաքվում դատապարտվել է վեց տարվա ազատազրկման

Հայտնի ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ սահմանն անօրինական կերպով հատելու, մաքսանենգության (հետաքննության տվյալներով՝ նրա մոտ հայտնաբերվել է 10 հազար եվրո) և ձերբակալվելիս դիմադրություն ցույց տալու  մեղադրանքով:

Լրագրողի գործընկերներն ու հարազատները պնդում են, որ նրան առևանգել են Վրաստանում և տեղափոխել Ադրբեջան:

Իր վերջին խոսքում Մուխտարլին հայտարարել է, որ դատարանը քաղաքական դրդապատճառներով է առաջնորդվում, իսկ իրեն հետապնդելու իրական պատճառը կոռուպցիայի վերաբերյալ հոդվածներն են: «Դուք չեք կարող ինձ վերջին խոսք տալ, անհրաժեշտ խոսքերը ես կկրկնեմ մինչև կյանքիս վերջը»,- հայտարարել է լրագրողը:

Ադրբեջանցի հետաքննող լրագրողը հեռացել էր Ադրբեջանից և երկու տարի ապրում էր Վրաստանում՝ այլ անկախ լրագրողների հետ միասին: Նրա հիմնական թեման կոռուպցիան էր Ադրբեջանում: Նա գրել է նաև Վրաստանում նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի ունեցվածքի մասին:

Փոխանցում է BBC-ն: