14.01.2018 01:15

Օսկարին ընդառաջ. Երեք վահանակ Իբինգի (Միսուրի) մերձակայքում (Three Billboards Outside Ebbing, Missouri)

Օսկարին ընդառաջ. Երեք վահանակ Իբինգի (Միսուրի) մերձակայքում (Three Billboards Outside Ebbing, Missouri)

iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, հավանաբար, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա հեղինակավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում:  Խորագրի նախորդ նյութը՝ այստեղ




Ռեժիսոր՝

Մարտին ՄըքԴոնա

Գլխավոր դերերում՝

Ֆրենսիս ՄըքԴորմանդ

Վուդի Հարելսոն

Սեմ Ռոքուել

 

Սկզբում՝  երեք հարցադրում, որ տակնուվրա են անում ներաշխարհը, հետո՝ երեք վահանակ. որ հիշողության, բողոքի, անզորության հաղորդակներ չեն սոսկ, այլ գյուղաքաղաքի առօրյան խախտող պանդորայի արկղեր:

Սկսած պրեմիերայից, (Վենետիկ-2017)  «3 վահանակները» շարունակում են հաղթարշավը (Ոսկե գլոբուս 2018): Նորանոր մրցանակներ ու անվանակարգեր.  ռեժիսորՄարտին ՄըքԴոնան շոշափել է մարդկային ցավի զարկերակը, որ սնվում է սոցիալական, անհատական, էթիկական, իրավական  ու հոգեբանական կոնֆլիկտների խառնարանից, որի թանձր շերտերում կողք կողքի ապրում են՝

-անհատը ու հասարակությունը.

-ծնողն ու զավակը (ինչպես միշտ՝ անանուն վեճերով).

-հոմոֆոբիան ու ռասիզմը (քողարկվող, քողարկվող).

-իշխանության մարմնի անգործությունը և կամայականությունը.

-վրեժի/ներման ու զղջման/ինքնաներումի խաչմերուկները.

-սերը ու պատասխանատվությունը.

-լավ ոստիկանը և ավելի լավ ոստիկանը.

-երկխոսող հողաթափերը:

Երկու փոխլրացնող ու հարընթաց զուգահեռներ, երբ սոցիալական պատումը ճյուղավորվում է անհատական ողբերգությունների՝ փոխկապված ու ինքնավար շղթաներով, և երբ անձնական դրամաները միահյուսվում են ընդգրկուն համայնապատկերում:

Ու այդ չսպիացող վերքերի կարկատանը տեղին ու անժամանակ թաքցնում/ցուցանում է չասվածը, իրականը, անծանոթը՝ պարուրված թրամփյան Ամերիկայի թանձր շերտերում:

ՄըքԴոնան գտել է հաջողության բանաձևը. սցենար (թեև սեղմ ու տարողունակ դիալոգների՝ կատարելության ձգտող ավարտությունը երբեմն բարձրացնում է դրանց թատերական-պայմանականության աստիճանը՝ ի վնաս համոզչության), ռեժիսուրա ու դրամատուրգիա. Ֆրենսիս ՄըքԴորմանդի Միդլենդից հորդում են ծաղրն ու տառապանքը, Վուդի Հարելսոնի՝ էպիստոլյար ոճի սիրահար ոստիկանը կարեկցանք է առաջացնում, իսկ Սեմ Ռոքուելի բարդ ու նշանակալի դերակատարումը չի թողնում տարբերակել մաշկի ներսի ու դրսի այրվածքները:

-Ի՞նչ ենք անելու:

-Կորոշենք ճանապարհին:


Վահանակներ

Նշանաբանը՝ Դեպի ապահով ԱՄՆ

Imdb գնահատականը՝ 8.4

Իմ հոտառությամբ՝ 8.5

Ֆորմատը՝ Պայքար, պայքար մինչև վերջ

Ու՞մ համար՝  արդարամիտների

Էլ ու՞մ համար՝ «Գրին քարտի» մասնակիցներ

Ընտրությունը՝ Ոստիկանապետություն կամ Լինչի դատաստան

Ասոցիացիաները՝

- Գալյա Նովենցի կենսունակ ու լեզվանի հերոսուհին («Մեր մանկության տանգո»),

- Անդրեյ Զվյագինցևի «Անսերություն». թեև ընդհանրությունը ո՛չ ժառանգական է, ո՛չ տիպաբանական, ո՛չ սյուժետային, այլ ներժամանակյա ու ենթատեքստային,

- Քոեն եղբայրներ:

Լեւոն Գայլ Ավետիսյան