15.01.2018 10:45

Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է, լավ խաղացող է, բայց յուրաքանչյուրն իր գինն ունի»

Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է, լավ խաղացող է, բայց յուրաքանչյուրն իր գինն ունի»

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է ցանկացած տրանսֆեր և իր թիմի խաղացողներից յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է հեռանալ: Սակայն պորտուգալացին միևնույն ժամանակ ընդգծել է, որ յուրաքանչյուր խաղացող իր գինն ունի, ուստի ցանկացած քայլ կամ որոշում ակումբը կայացնում է՝ ելնելով նրանից, թե ինչպես են զարգանում իրադարձություները:

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, որը 18 ամիս առաջ է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել Մանչեսթեր, պորտուգալացի մասնագետը ասել է հետևյալը. «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի: Կարևոր չէ՝ ով է նա, նշանակություն չունի նրա խաղամակարդակը, հեղինակությունը, կարգավիճակը: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր գինն ունի: Կույր մարզիչ չեմ, կույր այն իմաստով, որ տվյալ խաղացողն անձեռնմխելի չէ: Դրա համար, երբ տրանսֆերային պատուհանը բաց է, ապա բաց է նաև այն ակումբների համար, որոնք հետաքրքրված են մեր խաղացողների ծառայություններով: Այդ ժամանակ մենք ենք որոշում այո թե ոչ, մեզանից է կախված թե, որը կլինի ճիշտ արժեքը: Իսկ Մխիթարյանը խաղաց «Դերբիի» հետ, հնարավոր է կմասնակցի նաև հաջորդ հանդիպմանը: Նա մեր ֆուտբոլիստն է, շատ լավ խաղացող է: Մարզվում է, նա հայտացուցակում է և երկուշաբթի օրը կխաղա»:

ESPN FC-ի աղբյուրների հաղորդման համաձայն՝ «Յունայթեդը» շատ է ցանկանում ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին: Նշվում է, որ գործարքը կարող է կայանալ ինչպես Մխիթարյանի, այնպես էլ առանց նրա մասնակցության: Ըստ լուրերի՝ հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ կողմերը հնարավոր է փոխանակեն խաղացողներին:

Սանչեսի ծառայությունները հետաքրքրում են նաև «Մանչեսթեր Սիթիին», որը, սակայն, մինչև այս պահը հրաժարվում է չիլիացու տրանսֆերի համար վճարել «Արսենալի» պահանջած 35 միլիոն դոլարը: Բանն այն է, որ գալիք ամռանն Ալեքսիսին հնարավոր է ձեռք բերել անվճար: Ֆուտբոլիստը դեռևս չի երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը:

Ժոզե Մոուրինյոն գտնում է, որ հունվարյան տրանսֆերային շուկայի ժամանակ դժվար է ձեռնտու գործարք իրականցնել միևնույն ժամանակ ակնարկելով, որ պատրաստ են օգտվել «ֆանտաստիկ հնարավորությունից», եթե նման իրավիճակ ստեղծվի. «Եթե դա տեղի ունենա՝ լավ, իսկ ընդհանրապես ինձ դուր է գալիս իմ թիմը, իմ խաղացողները: Եթե որևէ տրանսֆեր իրականցնենք հիմա, ապա դա ճիշտ որոշում պետք է լինի»:

Հավելենք, որ Մխիթարյանը «Մանչեսթեր» կազմում մասնակցել է վերջին 15 խաղից երկուսին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ հայ խաղացողը կարող է կարիերան շարունակել «Ինտերում» կամ «Արսենալում»: