14.01.2018 22:02

ԱՊԼ. «Լիվերպուլ» - «Մանչեսթր Սիթի»՝ 4:3. Գվարդիոլան կրեց առաջին պարտությունը (տեսանյութ)

ԱՊԼ. «Լիվերպուլ» - «Մանչեսթր Սիթի»՝ 4:3. Գվարդիոլան կրեց առաջին պարտությունը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց 23-րդ տուրում: Խոսեպ Գվարդիոլայի թիմին տհաճ անակնկալ մատուցեց օրեր առաջ Ֆելիպե Կոուտինյոյին «Բարսելոնային» վաճառած «Լիվերպուլը», որը տնային հաղթանակ տարավ 4:3 հաշվով:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 1:1 հաշվով: Հաշիվը 9-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը, որի գոլին հյուրերը պատասխանեցին խաղակեսի վերջնամասում: 40-րդ րոպեին հաշիվը 1:1 դարձրեց գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն: Առաջին խաղակեսում 2 թիմերի դարպասների մոտ էլ հաճախ ստեղծվում էր լարվածություն, սակայն իրական գոլային պահերը շատ չէին:

Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլն» անկասելի էր եւ խփեց եւս 3 գոլ, եւ 3 դեպքում էլ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանությունը, մեղմ ասած, չփայլեց: Դաշտի տերերին 61-րդ րոպեին առաջ մղեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ 2 րոպե անց սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն տպավորիչ հարվածով հաշիվը դարձրեց 3:1: Մանչեսթերցիները դեռ նոր էին ուշքի եկել տեղի ունեցածից, երբ շուտով չորրորդ գոլը բերեցին սեփական դարպասին: Բրազիլացի դարպասապահ Էդերսոնը անհաջող էր հաշվարկել դարպասից դուրս գալը, ինչից օգտվեց Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը՝ հեռվից գրավելով դարպասը եւ հաշիվը դարձնելով 4:1:

Լուրջ առավելություն ստանալուց հետո հետո «Լիվերպուլը» կարծես կորցրեց մոտիվացիան եւ լրոջորեն չէր մոտենում գոլային պահերին, ինչի համար կարող էր պատժվել: «Մանչեսթեր Սիթին» վերջնամասում խփեց 2 գոլ, սակայն ավելին անել չհաջողվեց: Հաշիվը 84-րդ րոպեին կրճատեց փոխարինման դուրս եկած պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվան, իսկ ավելացված ժամանակում գերմանացի Իլկայ Գյունդոգանը:

Գուցե «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խաղից հետո կհայտարարի, որ այս պարտությունը եւս պետք էր թիմին, ինչպես նա դա արեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Դոնեցկի «Շախտյորից» կրած պարտությունից հետո (դա «Մանչեսթեր Սիթիի» միակ պարտությունն էր այս մրցաշրջանում): Այո, պարտությունները եւս պետք են ֆուտբոլում, սակայն այս խաղում մի բան միանշանակ էր, որ մանչեսթերցիները պարտվեցին մի թիմի, որը հրաշալի էր պատրաստվել ու ուսումնասիրել մրցակցին եւ տարավ արժանի հաղթանակ:

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վաստակեց 47 միավոր եւ հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող «Մանչեսթեր Յունայթեդին» ու Լոնդոնի «Չելսիին»: «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ խաղ պակաս է անցկացրել եւ հունվարի 15-ին կընդունի «Սթոք Սիթիին»: «Մանչեսթեր Սիթին» ունի 62 միավոր:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի առաջին շրջանում «Մանչեսթեր Սիթին» «Լիվերպուլին» հաղթել էր 5:0 հաշվով:

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4:3

Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 9, Ռոբերտո Ֆիրմինո, 59, Սադիո Մանե, 61, Մոհամեդ Սալահ, 68 – Լերոյ Սանե, 40, Բերնարդո Սիլվա, 84, Իլկայ Գյունդոգան, 90+1