15.01.2018 12:26

Նեթանյահուն հիասթափված է Երուսաղեմի վերաբերյալ Նյու Դելիի դիրքորոշումից

Նեթանյահուն հիասթափված է Երուսաղեմի վերաբերյալ Նյու Դելիի դիրքորոշումից

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հիասթափված է Հնդկաստանի որոշումից՝ պաշտպանելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ վերջերս ընդունված բանաձևը, որը կոչ է անում չճանաչել Երուսաղեմը որպես հրեական պետության մայրաքաղաք:

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում բանաձևի օգտին արտահայտվել է 128 երկիր, դեմ՝ 9-ը, ևս 35 երկիր ձեռնպահ է քվեարկել: Ընդունված փաստաթղթի համաձայն՝ «ցանկացած որոշում կամ գործողություն, որ նախատեսում է Երուսաղեմի կարգավիճակի, բնույթի փոփոխություն», իրավաբանական ուժ չունի և ենթակա է փոփոխության: Բանաձևը նաև պահանջում է, որ բոլոր պետությունները ոչ մի այնպիսի միջոց չձեռնարկեն, որը տարբերվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներից:

«Չեմ կարծում, թե մեկ ձայնն ազդում է ընդհանուր տրամադրվածության վրա: Բնականաբար՝ ես հիասթափված եմ, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ ներկայիս այցը վկայում է բազմաթիվ ուղղություններով մեր հարաբերությունների զարգացման մասին»,- ասել է Նեթանյահուն India Today-ին տված հարցազրույցում:

Նախորդ օրը Իսրայելի կառավարության ղեկավարը վեցօրյա այցով ժամանել է Հնդկաստան: Նրան ուղեկցում է ռեկորդային թվով պատվիրակություն՝ ավելի քան հարյուր գործարարներ: Այցի ընթացքում Նեթանյահուն կայցելի մի քանի հնդկական շրջաններ, կհանդիպի երկրի ղեկավարների, գործարարների, Բոլիվուդի գործիչների հետ, ինչպես նաև կստորագրի երկկողմ համաձայնագրերի փաթեթ:

Փոխանցում է ria.ru-ն: