15.01.2018 14:28

Գեւորգ Նալբանդյան. Նախագահի համազգայինը

Գեւորգ Նալբանդյան. Նախագահի համազգայինը

Հայաստանի նախագահի ընտրությանը երկու ամսից պակաս ժամանակ է մնացել:

Սերժ Սարգսյանն օրերս ասաց, որ նախագահի պաշտոնում պետք է ընտել ճանապարհ անցած եւ հեղինակություն ունեցող մարդու: Ու՞մ նկատի ունի նա՝ դժվար է ասել:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի նախընտրած թեկնածուն չի բավարարում դաշնակցությանը: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շատ արագ արձագանքել է Սերժ Սարգսյանին եւ ասել, որ նախագահի ընտրությանը պետք է մասնակցի նաեւ Սփյուռքը, Հայաստանի նախագահը պետք է լինի համայն հայության նախագահը: Այդ գաղափարն իրացնելու սահմանադրական ոչ մի մեխանիզմ չկա:

Մամուլում մեկնաբանություններ են հայտնվել, որ համազգային ասելով՝ Ռուստամյանը նկատի է ունեցել նախագահի դաշնակցական թեկնածուի: Բայց կա ավելի հետաքրքրականը. գրող Լեւոն Ջավախյանը ֆեյսբուքում հանդես է եկել քաղաքացիական նախաձեռնությամբ եւ նախագահի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին: Ջավախյանը վերջերս արժանացել է պետական պարգեւի, եւ չի բացառվում, որ նրա «նախաձեռնությունը» լինի Բաղրամյան 26-ից հրահանգավորված: Հնարավոր է՝ «ճանապարհ անցած եւ հեղինակություն ունեցող» թեկնածուի մասին խոսելիս Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել հենց Վազգեն Մանուկյանին, որը գլխավորում է Հանրային խորհուրդը: Ժամանակին նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը նաեւ դաշնակցությունն է պաշտպանել:

Վազգեն Մանուկյանը հայտնի է հայ ժողովրդի «համաշխարհային ազգ լինելու» տեսությամբ եւ Ազգային ժողովը, այսինքն՝ պետական ինստիտուտ գրավելու փորձառությամբ:

 Եթե իշխանության կարծիքն էլ այն է, որ նախագահի պաշտոնը պետք է խորհրդանշի ոչ թե Հայաստանի քաղաքացիների, այլ համայն հայության միասնությունը, ուրեմն գործ ունենք պետական ինստիտուտների հետեւողական արժեզրկման հետ: Չնայած նոր սահմանադրությամբ նախագահի լիազորությունները սահմանափակ են, այդուհանդերձ, նա է պետության գլուխը, սահմանադրական կարգի, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների երաշխավորը: Նախագահի այդ լիազորությունները փոխարինել համազգային համերաշխության կեղծ խորհրդանշումով, նշանակում է՝ ապագա նախագահին լիովին զրկել պետական դերակատարությունից, վարչապետին տալ անսահմանափակ իրավունքներ:

Դաշնակցությունը կարող է փայփայել համազգային միասնության իր տեսլականը, բայց դրանից չի հետեւում, որ քաղաքական մյուս ուժերը պետք է համակերպվեն  «համազգային նախագահի», իրականում՝ ոչ մի լծակ չունեցող պետության ղեկավարի դաշնակցական պահանջին:

Իսրայելը դասական խորհրդարանական կառավարման երկիր է, հրեական սփյուռքն ավելի ուժեղ եւ համաշխարհային է, բայց ոչ մեկի մտքով չի անցնում Իսրայելում ընտրել բոլոր հրեաների նախագահ: Նա հրեական պետության նախագահն է, կատարում է սահմանադրությամբ իրեն վերապահված լիզորությունները:

Հայաստանը չի կարող լինել եւ չպետք է դառնա քաղաքական փորձարարությունների օբյեկտ: Համազգային նախագահ չի լինում, չի կարող լինել: