15.01.2018 15:29

Լիզա Ճաղարյան. «Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին»

Լիզա Ճաղարյան. «Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին»
Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի

Ի՛նչ եք կորցրել, ինչի՛ հետեւից եք ընկել։

Մինչ դուք պարզում եք՝ Վիգեն Սարգսյանին դատ է հասնում Հայաստանի քաղաքացուն «բոշա» ասելու համար, թե չի հասնում (երեւի բոլորդ հիշում եք, թե ժողովրդին «համբալ» ու սրանից խայտառակ վիրավորանք հասցնողներն ինչ դաժանորեն «պատժվեցին»), մինչ քննարկում եք՝ թանկացումների դեմ երթը հայ ժողովրդին ո՛ր վճռական հանգրվանին է հասցնելու, մինչ մորմոքվում եք, թե ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը (ասենք թե՝ ՀՀԿ-ի տատիկն է լինելու, ձեզ համար մեկ չի՞), ահա՛ այդ նույն շրջանում ԱԺ պատերի ներքո խմորվում է մի նոր դրամա, մի քիչ էլ եթե զոռենք՝ ողբերգություն։

Անաստասիա Վոլոչկովան Արտաշես Գեղամյանի ճաշակով չէ։ «Համակրանք չունեմ իր նկատմամբ», - փորձել է արդարանալ «էժանագին հնարքի» զոհ դարձած ԱԺ ՀՀԿ խմբակցության ամենաընթերցասեր պատգամավորը։ Տարածված լուսանկարն իրոք ազդեցիկ ու տպավորիչ չէ, էժանագին հնարքն էլ սպասված ազդեցությունը չի թողնում։ Եվ իրոք, Արտաշես Մամիկոնովիչն ի՞նչ մեղավոր է, որ ինքը Վլադիմիր Վլադիմիրովիչի խորհրդական Սերգեյ Յուրեւիչի կայքն է դիտելիս եղել, ու որտեղից որտեղ՝ «մխրճվել են» իր համակրանքը չվայելող Անաստասիա Ֆյոդորովնայի լուսանկարները:
Եվ ամենակարեւորը. եթե Ազգային ժողովի նիստերի ընթացքում կարելի է զանազան կայքերի «լրջագույն» (Մամիկոնովիչի ճաշակին հարիր) հոդվածներ ընթերցել, ապա ինչու՞ չի կարելի աչքի պոչով ըմբոշխնել նաեւ գեղեցիկ կանանց լուսանկարները։
Հիմա կհարցնեք՝ այստեղ որն էր դրաման, առավել եւս՝ ողբերգությունը։
«Համակրանք չունեմ իր նկատմամբ: Մինչդեռ այնտեղ գովազդվող ինչ-որ կանանց նկատմամբ ինչ-որ համակրանք ունեմ»։

Արտաշես Մամիկոնովիչն է ասել։

Դե, հիմա պատկերացրեք՝ դուք Անաստասիա Ֆյոդորովնան եք, ու ձեզ ասում են՝ ավաղ, դուք Արտաշես Մամիկոնովիչի ճաշակով չեք։

Դրաման էլ ո՞նց է լինում։

Իսկ հիմա պատկերացրեք՝ անսպասելի ու դաժան հարվածից դեռ ուշքի չեկած Անաստասիա Ֆյոդորովնայի ականջին նենգաբար նաեւ շշնջում են, որ ի տարբերություն Ֆյոդորովնայի՝ «գովազդվող ինչ-որ կանայք» Արտաշես Մամիկոնովիչի ճաշակով են։

Սա էլ ձեզ՝ ողբերգություն։

Նախ՝ Անաստասիա Ֆյոդորովնայի հոգին կրծելու է կեղեքող հարցը՝ տեսնես ո՞ր կանանց նկատի ունի Արտաշես Մամիկոնովիչը, չլինի՞ էն... էն... էն...

Երկրորդ՝ մինչեւ հոգու խորքը վիրավորված Ֆյոդորովնան չի կարող Արտաշես Մամիկոնովիչից վրեժ լուծել՝ խոցված սիրտը հովացնելու համար, որովհետեւ... Մամիկոնովիչը մինչեւ ուղնուծուծը նվիրված է Վլադիմիր Վլադիմիրովիչին եւ մշտական ընթերցողն է նրա խորհրդական Սերգեյ Յուրեւիչի կայքի լրջագույն հոդվածների։

Վիլյամ Ջոնովիչ Շեքսպիրը կնախանձեր։